Ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ուղիղ եթերում:
Անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում են՝ վարչապետը վստահեցրեց. «Այդպիսի բան չկա»:
Կոմունիկացիայի որոշ դժվարություններ ու բարդություններ կան: «Ինչքան տեղեկացել եմ ԼՂ մեր գործընկերներից՝ դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան: Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է»,-ասաց վարչապետը:
Վարչապետն ասաց, որ քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, դա է տեղեկատվությունը: Դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն: Գոնե այս պահի դրությամբ մենք որևէ նման տեղեկատվության չենք տիրապետում»,-ասաց վարչապետը: