Հասարակական

Կան զանգվածային ակցիաների ընթացքում հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվածներ. ՀՀ քննչական կոմիտե

3 րոպեի ընթերցում

Կան զանգվածային ակցիաների ընթացքում հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվածներ. ՀՀ քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կան Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 19-ին իրականացվող զանգվածային ակցիաների ընթացքում հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվածներ։ «Արմենպրես»-ին հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

«Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 19-ին իրականացվող զանգվածային ակցիաների ընթացքում հնչել են հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, բռնություններ իրականացնելու կամ այդպիսիք արդարացնելու հրապարակային կոչեր, ինչպես նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից Կառավարության շենքի դիմաց իրականացվել են զանգվածային անկարգություններին բնորոշ գործողություններ՝ անտեսելով հավաքի մասնակիցների անվտանգությունը և հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների՝ նման գործողություններից զերծ մնալու օրինական պահանջները։

Արձանագրված մի քանի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են համապատասխան քրեական վարույթներ, կան հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվածներ»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նկատի ունենալով, որ լարվածության մեծ լիցքեր պարունակող հավաքը շարունակվում է՝ ՀՀ քննչական կոմիտեն հավաքը վարողներին, մասնակիցներին, զգուշացրել է, որ հանրապետությունում ներքին կայունության, անվտանգության, իրավակարգի, սահմանադրական և հասարակական կարգի դեմ ուղղված հանցավոր ցանկացած ոտնձգության հետևելու է համաչափ և իրավաչափ քրեաիրավական գնահատական։ Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորությունների ամբողջ ծավալով իրականացնելու է քրեական վարույթների շրջանակներում հանցավոր արարքներ կատարող բոլոր անձանց հայտնաբերելուն և քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված իր գործառույթները։

Քննչական կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է հատկապես հայրենիքի և պետականության համար լուրջ մարտահրավերներ պարունակող ներկայիս իրավիճակում պահպանել զգոնություն և սթափություն, դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ պետականության հիմքերին հարվածող՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողությունների մեջ ներգրավվելուց, տուրք չտալ բռնություններ իրականացնելուն ուղղված հրապարակային կոչերին, չտարածել առցանց հարթակներում հանցածին լուրջ պոտենցիալ ունեցող՝ ատելություն և թշնամանք գեներացնող բովանդակություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում