Քաղաքականություն

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Բաքվին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Բաքվին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բերբոքը հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի կուլուարներում։

«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի գնդակոծությունը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», - Բերբոքի խոսքերն է վկայակոչում ՏԱՍՍ գործակալությունը։

Ըստ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության պաշտպանությունն է։

«Դա նաև այնտեղ տեղակայված ռուսաստանցի զինվորների խնդիրն է», - ասել է Անալենա Բերբոքը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն, ըստ Բերբոքի, հնարավոր է միայն բանակցությունների սեղանի շուրջ: Նախարարը պարզաբանել է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է Եվրամիության գլխավորությամբ անցկացվող բանակցություններին։

«Հաշվի առնելով այսօրվա էսկալացիան՝ սա ավելի արդիական է, քան երբևէ», - ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում