Podcast. Խաչվերացը տարվա հինգ տաղավար տոներից վերջինն է
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցին այս կիրակի տոնում է տարվա հինգ տաղավար տոներից վերջինը՝ Սուրբ Խաչը։ Եվ այդ առիթով «Արմենպրես» Podcast-ի տաղավարում զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի հետ, ով մանրամասնում է տոնի հոգևոր և ժողովրդական սովորույթները։
Սուրբ Խաչը Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է։ Այն հիշատակումն է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության: Խաչվերացի տոնը շարժական է, հանդիպում է սեպտեմբերի 11-ից 17-ի միջև ընկած կիրակի օրը: Խաչվերացի տոնը քրիստոնյայի համար նախ և առաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը,«դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և կանգնեցման (վերացման): Ըստ ավանդության՝ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տեառնեղբայրը, ձեռք բերելով Քրիստոսի խաչափայտից մի մասունք, վեր է բարձրացրել ի տես հավատացյալների` երգելով «Խաչի քո Քրիստոս երկիր» շարականը: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։ 333 թ. Մեծն Կոստանդիանոսը Քրիստոսի գերեզմանի վրա կառուցում է Ս. Հարություն տաճարը: Սեպտեմբերի 13-ին կատարվում է նավակատիքը, որից հետո ամեն տարի տոնախմբվում է Ս. Հարության նավակատիքը` 8 օր շարունակ: Սեպտեմբերի 14-ին հավաքվում էին Գողգոթայում, վեր բարձրացնում Ս. Խաչն` ի տես ժողովրդի և երկրպագում:
Խաչվերացի տոնը մեծ նշանակություն է ստանում հատկապես պարսկական գերությունից վերադարձին, երբ շեշտվում է ազատագրված Ս. Խաչի հաղթական վերադարձը Երուսաղեմ: Այդ տեղի է ունեցել 7-րդ դարի առաջին կեսին: 614 թ. պարսկաբյուզանդական պատերազմի ժամանակ պարսիկները գրավում են Երուսաղեմը և գերեվարում Քրիստոսի խաչափայտը: Երկարատև կռիվներից հետո Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզանդացիներին հաջողվում է ծնկի բերել պարսկական պետությանը և ազատագրել խաչափայտը: Այդ գործում մեծ նպաստ են բերել նաև հայկական զինվորական ուժերը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Ազատագրված խաչափայտը մեծամեծ հանդիսություններով և կրոնական արարողություններով Հայաստանի վրայով տարվում է Պոլիս և ապա վերադարձվում Երուսաղեմ։ Խաչը բարձրացնելով՝ մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան:
Հայկական շատ եկեղեցիներ անվանակոչված են Սուրբ Խաչ անունով:Խաչվերացին տեղի են ունենում բազմաթիվ ուխտագնացություններ,հատկապես դեպի Սուրբ Խաչ անունով եկեղեցիներ:Խաչվերացի տոնին երեկոյան ժամերգությունից հետո մեր եկեղեցու ծիսակարգի համաձայն կատարվում էՍ.Խաչի վեր բարձրացման հանդիսավոր արարողություն:Կենաց փայտի մասունք պարունակող խաչը զարդարվում է ռեհանով և բազմերանգ ծաղիկներով:Կատարվում է անդաստանի արարողություն,քահանանվարդաջուր է ցողում հավատացյալների վրա և խաչի նշանով օրհնում աշխարհի4ծագերը`Տիրոջից հայցելով խաղաղություն ու բարօրություն:Արարողության վերջում օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվում են հավատացյալներին՝ հոգու և մարմնի բժշկության համար:Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը,քանզի Խաչը մեր փրկության նշանն է,Խաչը քրիստոնյաների հույսն է,Խաչը եկեղեցու հիմքն է»։
Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Շատ տեղեր Խաչվերացը ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», - այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները՝ Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում:
Տաթև Զաքարյան
Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները