Շլությունը շտկող նոր ակնոցներ. Թումո լաբերն ու PinpointEyes-ը նորարարական լուծում են առաջարկում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թումո լաբերն ու PinpointEyes-ը միավորել են ուժերը` ստեղծելու արդյունավետ և նորարարական լուծում շլություն ունեցող մարդկանց համար: Նախատեսվող երկու տեսակի ակնոցները կկարողանան հայտնաբերել, վերահսկել և արձագանքել տեսողության փոփոխություններին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի ղեկավար Ռուբեն Միրզոյանը նշեց՝ նախագիծը տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց կյանքը հեշտացնելու նպատակ ունի:
«Նախագծի մշակման 5 ամիսների ընթացքում աշխատելու ենք երկու ակնոցի նախատիպերի վրա, վերջնարդյունքում 10 նման ակնոց ենք ունենալու: Զուգահեռ մշակելու ենք նաև Android-ի և iOS-ի համար հավելված, կատարելագործելու ենք ակնոցների մարտկոցները, բարելավելու ենք ակնոցների՝ պատկերների և տվյալների վերլուծությունը, պահպանելու ենք դրանք ախտորոշման և վերահսկման նպատակներով»,-նշեց նախագծի ղեկավարը:
Հավելվածների (back end, encryption, access կամ front end UI), hardware-ի մշակման (PCB Board դիզայնի օպտիմալացում, լիցքավորող մոդուլի փոփոխություն, դիզայն), արհեստական բանականություն (Image processing), տվյալների բազայի պահպանման, encryption, նույնականացման և մուտքի մակարդակներ, մոնետիզացիայի, Python-ի կամ մեքենայական ուսուցման իմացության գիտելիքներ ունեցող 18 տարեկանը լրացած անձինք կարող են անվճար միանալ նախագծին մինչև սեպտեմբերի 15-ը:
«Նախագծի ընթացքում մասնակիցները սերտորեն կհամագործակցեն մասնագետների հետ՝ բարելավելու սարքերը»,- նշեց Միրզոյանը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն աչքի շլությունը վերականգնող մի շարք այլ մեթոդների՝ ակնոցները հնարավորություն կտան խնայել հսկայական ժամանակ:
«Շլության բուժումը պետք է հնարավորինս շուտ սկսել: Նշանակում է, որ ակնոցները պետք է երկար ժամանակ մշտապես կրել, մինչև շլության ախտանշանները պակասեն»,- ասաց Միրզոյանը:
Նա հավելեց, որ ակնոցներից մեկի շնորհիվ շիլ աչքի թուլացած մկանների համար ծանրաբեռնվածություն է ստեղծվում: Այսպիսով` ակնոցներից մեկը աչքը վարժեցնելու, մյուսը՝ առօրյայում կրելու համար է:
Հավելվածը բժիշկ-ծնող կամ բժիշկ-պացիենտ հարաբերությունների համար է: Այստեղ հնարավոր է հետևել բուժման պրոցեսին: Նախագծի ղեկավարի խոսքով՝ պահպանվելու է նաև տվյալների գաղտնիությունը: Այն երրորդ անձանց հասանելի չի լինելու:
«Պլանավորում ենք երկրորդ ակնոցի գործառույթի մեջ արհեստական բանականություն ինտեգրել, որով հնարավոր կլինի ակնոցին սովորեցնել մարդու շլությանը, տվյալներ հավաքագրել ու փոխանցել բժշկին՝ բուժումն արդյունավետ դարձնելու համար»,- ասաց Միրզոյանը:
Նախագծի ավարտից հետո՝ 5 ամիս անց, ակնոցների թեստավորումից հետո նախագծի հեղինակները նպատակ ունեն մասսայական արտադրություն սկսել:
Կարինե Տերտերյան