Եթե ԼՂ-ում շրջափակում և սով չկա, ինչու է Ադրբեջանը փորձում հումանիտար օգնություն հասցնել այնտեղ․ Մարուքյանը հակադարձել է Հաջիևին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հակադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կեղծ պնդմանը, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, ու Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը Հաջիևի հայտարարություններին անդրադարձել է X-ի (նախկինում Twitter) իր էջում կատարած գրառմամբ․

«Arab News-ին տված հարցազրույցում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ և Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։

Ադրբեջանը նման կերպ ցանկանում է խաբել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վերաբերյալ, ինչը հաստատել են միջազգային այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են «Human Rights Watch»-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը՝ հաստատված միջանկյալ որոշումներով, որ միջանցքը արգելափակված է, իսկ ժողովուրդը սովահարության շեմին է։

Ի վերջո, եթե Լաչինի միջանցքը փակված չէ, և Լեռնային Ղարաբաղում պաշարում ու սով չկա, ինչպես պնդում է Ալիևի օգնականը, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Աղդամ ուղարկել այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունը»,- գրել է Մարուքյանը։

Ադրբեջանը, որը պարբերաբար հերքում է Լաչինի միջանցքն արգելափակված պահելու փաստն ու պնդում, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ չկա, հերթական շոուն է բեմադրել և Աղդամի ճանապարհով փորձում է 40 տոննա ալյուր հասցնել Լեռնային Ղարաբաղ՝ որպես «հումանիտար օգնություն»։ Ստեփանակերտից, սակայն, հայտարարել են, որ իրենց Ադրբեջանից որևէ օգնություն պետք չէ, իսկ Աղդամի ճանապարհը գործարկելու Ադրբեջանի առաջարկը ոչ այլ ինչ է, քան իրենց հպատակեցնելու փորձ։ Արցախցիները փակել են Ադրբեջանի այսպես կոչված «հումանիտար բեռի» ճանապարհը և թույլ չեն տալիս, որ ադրբեջանական երկու բեռնատարները մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ։ Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն էլ հայտարարել է, որ իշխանությունները հստակ որոշում ունեն Աղդամի ճանապարհը փակ պահելու վերաբերյալ։

Հայերեն English Español Français

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք

Գերիների հարցով դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը