Սպորտում հաղթում են նախևառաջ գիտելիքով. Կարեն Գիլոյանը մասնակցել է ԵՕՀՊՄ քոլեջի՝ սեպտեմբերի 1-ի միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սեպտեմբերի 1-ին ներկա է եղել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Կարեն Գիլոյանը ողջունել է քոլեջի սաներին ու մանկավարժներին՝ կարևորելով քոլեջի առաքելությունը կրթված մարզիկներ պատրաստելու հարցում:

«Կասկածից վեր է՝ լավ երկիր ունենալու համար պետք է ունենալ կրթված սերունդ: Սպորտում ևս այսօր հաղթում են ուղեղով և կրթվածությամբ: Լավ մարզիկ լինելու համար պետք է նախևառաջ կրթված լինել, ինչը հնարավորություն կտա գրանցելու այն հաղթանակները, որոնք փառք ու պատիվ կբերեն մեր ազգին ու մեծ բերկրանք կպարգևեն բոլորին: Խնդրում եմ մեծ ուշադրություն դարձնել կրթությանը, բաց չթողնել այս կարևոր ժամանակահատվածն ու անել ամեն ինչ՝ Հայաստանի Հանրապետության համար արժանավոր քաղաքացի դառնալու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ քոլեջի սաներին մեծ հաջողություններ մաղթելով թե՛ ուսումնառության, թե՛ նաև սպորտային կարիերայում:

ԵՕՀՊՄ քոլեջի սաներին ողջունել և շնորհավորել է նաև տնօրեն Վաղինակ Գալուստյանը. «Հայ ժողովրդի հարատևության գրավականը կիրթ ու դաստիարակված, ազնիվ ու հայրենասեր սերունդ ունենալն է․ առաքելություն, որը մենք պատվով ենք ստանձնել: Վստահաբար կարող եմ ասել, որ դպրոցաշեն ճանապարհի դժվարին հատվածը մենք արդեն անցել ենք և ունենալով պետության հովանին՝ այն ամբողջությամբ կյանքի կկոչենք։ Մեզ մնում է հավատարիմ լինել ԵՕՀՊՄ քոլեջի կեսդարյա ավանդույթներին՝ նեցուկ լինել մեր սաներին դեպի բարձունք տանող դժվարին պայքարում»:

Միջոցառման ընթացքում կայացել է նաև ԵՕՀՊՄ սաների երդման արարողությունը:

2023-2024 ուսումնական տարում ԵՕՀՊՄ քոլեջում կլինի 18 դասարան՝ նախորդ տարվա 16 դասարանի փոխարեն։

Քոլեջում ուսուցումը սկսվում է հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանից. ընդգծված սպորտային կարողություններ ունեցող աշակերտները հնարավորություն ունեն միանգամայն անվճար սովորելու օլիմպիական 16 մարզաձևերի՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, աթլետիկա, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, սպորտային և գեղարվեստական մարմնամարզություն, սեղանի թենիս, հեծանվային սպորտ, բասկետբոլ, ջրային մարզաձևեր, սուսերամարտ, գեղասահք, ֆուտբոլ բաժիններում։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում