ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Արտակ Բեգլարյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից:
«Ես շարունակելու եմ իմ ծառայությունը հայրենիքիս ու ժողովրդիս՝ դրա անառարկելի առանցքը համարելով կայուն ու զարգացող պետությունը: Հատկապես շրջափակման ու ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հարուցած այս ծանրագույն պայմաններում առավել քան երբևէ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի Հանրապետության պետական համակարգի անսասան ու արդյունավետ գործառնությունն ապահովելուն: Ուստի, իմ պաշտոնաթողությունը համարելով քաղաքական անհրաժեշտություն՝ միաժամանակ ես երբևէ անձերով ու կարգավիճակով չեմ պայմանավորել իմ ազգային ու հանրային ծառայությունը: Հետևաբար, մշտապես պատրաստակամ եմ իմ սկզբունքների ու արժեքների շրջանակներում առավելագույնս աջակցելու Արցախի Հանրապետության իշխանություններին՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին բազմաբնույթ մարտահրավերների հաղթահարման գործում»,- նշված է գրառման մեջ:
Ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ինհրաժարականիդիմում կներկայացնի: Մինչ այդ դեռևս գործող նախագահը հրամանագիր է ստորագրել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին աշխատանքից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով էլ Արցախի պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը: