Քաղաքականություն

Ադրբեջանի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքը ազատել հայերից․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքը ազատել հայերից․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի մոտակայքում սպասող հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տալիս մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին խոսել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին օգոստոսի 31-ին ավելացան ևս տասը։ Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար այդ շարասյունը ուղեկցեց մինչև Կոռնիձոր։

«Այդուհանդերձ, ոչ այս, ոչ հուլիսի 26-ից նույն հատվածում կայանած հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։ Այդ քաղաքականության հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքն ազատել հայերից։ Ինչպես նախկինում ասել եմ, այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է․ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը։ Ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

«Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում