Քաղաքականություն

Ֆրանսիացի սենատորն Ադրբեջանին մեղադրեց ԼՂ-ում ցեղասպանություն և էթնիկ զտում իրականացնելու մեջ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի սենատորն Ադրբեջանին մեղադրեց ԼՂ-ում ցեղասպանություն և էթնիկ զտում իրականացնելու մեջ

ԳՈՐԻՍ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության նախագահ, ԼՂ հարցով ուսումնասիրության խմբի ղեկավար Բրունո Ռըտայոն հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնում է ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ռըտայոն, որը Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում, այս մասին ասել է օգոստոսի 30-ին Գորիսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, հանգեցնում է էթնիկ զտման և ցեղասպանության։ Այստեղ լինելու մեր առաջին պատճառն այն է, որ ողբերգություն է տեղի ունենում։ Այսօր տեղի ունեցողն Արցախը վերածում է համակենտրոնացման ճամբարի՝ բաց երկնքի տակ։ Էթնիկ զտման և ցեղասպանության այդ փորձն ուղղված է 120 հազար մարդու դեմ, որից 30 հազարը երեխաներ են։ Մենք պահանջում ենք Ֆրանսիայի նախագահից, օգտվելով Ֆրանսիայի դիրքից, այսինքն՝ այն փաստից, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, ընդունել տալ մի բանաձև, որը վերջապես թույլ կտա բացել Լաչինի միջանցքը և դնել այն միջազգային պաշտպանության տակ, որպեսզի բացվի նաև երթևեկությունը մարդասիրական ճանապարհով»,-ասաց ֆրանսիացի սենատորը։

Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությունը, որը գլխավորում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, օգոստոսի 30-ին ուղեկցել է Ֆրանսիայի մայրաքաղաքի և երկրի մի շարք ռեգիոնների կողմից Արցախի համար ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարների շարասյունը դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում