Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն. ՀՀ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված և նախանշվող քայլերին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին:

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել վերջին երեք տարիներին այս ուղղությամբ դեսպանի կողմից ներդրված ջանքերը՝ հանձնելով ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ և մաղթելով հաջողություն հետագա դիվանագիտական աշխատանքում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի՝ մասնավորապես քննարկելովԱդրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը:Կարևորելով միջազգային կազմակերպությունների, երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը։

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն և կարող է էականորեն խաթարել տարածաշրջանում կայունության հաստատման գործում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում