Հայտնի են AI-Code battle մրցույթի հաղթող նախագծերը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպված AI-Code battle մրցույթն oգոստոսի 20-ին ամփոփվել է։Մրցույթի հիմնական նպատակն էր զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը և խթանել արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ու լուծումների կիրառությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեխնոլոգիական և բիզնես ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրին գնահատման արդյունքում ընտրել է 3 անվանակարգում հաղթող նախագծերը։
AI code battle-ում հաղթող ճանաչված 3 նախագծերն են՝ «stAIIlist» թիմ՝ «Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ստեղծարար կիրառությամբ ստեղծված նախագիծ» անվանակարգում։ «PPlot» թիմ՝«Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների լայնածավալ կիրառությամբ ստեղծված նախագիծ» անվանակարգում։ «Signhub» թիմ՝ «Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների արդյունավետ կիրառությամբ կրթական նախագիծ/մոդել» անվանակարգում։
Հաղթող նախագծերի հեղինակներն ստացել են դրամական պարգևներ՝ յուրաքանչյուր անվանակարգի համար 500 հազար ՀՀ դրամի չափով։
