Հասարակական

Ֆլայ Արնան դարձել է Հայաստանի միակ IOSA օպերատոր

3 րոպեի ընթերցում

Ֆլայ Արնան դարձել է Հայաստանի միակ IOSA օպերատոր

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնա ավիաընկերությունը դարձել է IOSA օպերատոր՝ ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, Ֆլայ Արնան Հայաստանում առաջին և այս պահին միակ ավիաընկերությունն է, որը հաջողությամբ անցել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել IOSA վկայական։

Երկու տարի վավերականությամբ այս վկայականը տրամադրվել էIATAաուդիտորների կողմից անցկացված աուդիտի արդյունքների հիման վրա, որի շրջանակում մանրակրկիտ ուսումնասիրվել և գնահատվել է ավիաընկերության քաղաքականության, ընթացակարգերի և գործունեության համապատասխանությունն ավիացիոն համաշխարհային ստանդարտներին:

Մասնավորապես՝ թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, որակի վերահսկման, ավիացիոն անվտանգության, տեխնիկական սպասարկման, վերգետնյա սպասարկման ծառայություններում օգտագործվաղ ձեռնարկների համապատասխանելիությունը IOSA պահանջներին և դրանց գործնական կիրառումը առօրյա թռիչքներն իրականացնելիս։

«Այսօր մեծ հպարտությամբ ենք նշում, որ Ֆլայ Արնան ճանաչվել է Հայաստանի ամենաանվտանգ ավիաընկերությունը՝ հաջողությամբ անցնելով ավիացիայի ոլորտում ամենաբարդ IOSA աուդիտը։ Այս ձեռքբերումը վկայում է ամիսներ ձգվող թիմային աշխատանքի և աշխատանքում գերազանցության հասնելու մեր հանձնառության մասին։ Մեր ուղևորների և թռիչքային անձնակազմի անվտանգությունն ու բարեկեցությունն առանցքային է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձր պահել ավիացիայի ոլորտում ուղևորների սպասարկման նշաձողը՝ հավատարիմ մնալով ազգային ավիաուղիներ կոչմանը»,- նշել է Ֆլայ Արնայի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Նշվում է, որ Ֆլայ Արնան շարունակելու է բծախնդրորեն հետևել անվտանգության և սպասարկման ոլորտում համաշխարհային ամենաբարձր չափանիշներին։ Ավիաընկերությունն իր հիմնադրման առաջին օրերից ի վեր մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման գործընթացում դրական ազդեցություն ունենալու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում