Տնտեսություն

«Fitch»-ը բարելավել է Հայաստանի վարկանիշը՝ տալով դրական հեռանկար

4 րոպեի ընթերցում

«Fitch»-ը բարելավել է Հայաստանի վարկանիշը՝ տալով դրական հեռանկար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը` «B+»-ից բարձրացնելով «BB-»՝ կայուն հեռանկարով: Կազմակերպության կողմից ՀՀ-ին տրված վարկանիշի բարելավումը պայմանավորված է տնտեսական կայուն աճի, պարտքի կայունացման ցածր մակարդակի, կայուն հարկաբյուջետային քաղաքականության իրականացման, ինչպես նաև արտաքին հաշվեկշռի բարելավման կանխատեսումներով։

Կազմակերպության կողմից առանձնացվել են ՀՀ տնտեսությունում տեղի ունեցած այն կարևոր իրադարձությունները, որոնք ընկած են վարկանիշի բարելավման հիմքում։ Ստորև ամփոփ ներկայացնում ենք դրանք.

2020թ․-ին ՀՀ վարկանիշի կտրուկ իջեցումից հետո վերջին տարիներին ՀՀ տնտեսությունը շարունակական ցնցումներից վերականգնման միտումներ է ցուցաբերել, ուստի ներկայում կազմակերպության կողմից ակնկալվում է տնտեսական կայուն աճ։

«Fitch»-ի կողմից բարելավվել է նաև ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը։ Ակնկալվում է, որ 2023թ․-ին ՀՀ տնտեսությունը կաճի 7․2%-ով՝ նախորդ 6․1% կանխատեսման համեմատ։ Համեմատաբար ցածր աճ է սպասվում հաջորդող 2 տարիներին՝ 2024թ․-ին համապատասխանաբար 5․9%, իսկ 2025թ․-ին՝ 4․5%։

88888.png (45 KB)

2023-2025թթ․-ի համար կազմակերպության կողմից ակնկալվում է պարտք/ՀՆԱ հարաբերակցության բարելավում 44․6% մակարդակում, ինչը ցածր է նախաքովիդյան ժամանակահատվածի ցուցանիշից։ Կանխատեսվում է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը (շուկայական փոխարժեքով) մինչև 2025թ․-ը գրեթե կրկնապատկվելու է 2021թ․-ի մակարդակի համեմատ:

Վարկանիշի բարելավումը պայմանավորված է նաև ընթացիկ հաշվի վերաբերյալ դրական կանխատեսումներով։ Մասնավորապես, ակնկալում է, որ 2023-2025թթ․-ին այն կվերադառնա ՀՆԱ-ի միջինում 1․1%-ի դեֆիցիտի՝ բարձր ներքին պահանջարկի հետևանքով, սակայն վերոնշյալ դրական գործոնների ներքո կշարունակի մնալ պատմական միջինից ցածր:

Կազմակերպության կողմից առանձնացվել են նաև վարկանիշի բարելավման հիմնարար գործոնները, որոնցից են երկրում ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը, կառուցվածքային բարեփոխումների նկատմամբ բարձր վստահելիությունը և 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի բարենպաստ մակարդակը: Այս ամենին զուգահեռ կազմակերպությունն արձանագրել է աշխարհաքաղաքական ռիսկերի պահպանում։

«Հայաստանում նվազել է գնաճի մակարդակը, սակայն շարունակվում է դրամի արժևորումը։ Դրամական փոխանցումների կտրուկ աճը և Ռուսաստանից միգրանտների տեղաշարժը նպաստել են դրամի արժևորմանը 2022թ․-ի կեսերից ի վեր»,-նշված է «Fitch Ratings»-ի կողմից կատարված կանխատեսման մեջ։

Միաժամանակ, «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից 2023-2024թթ․-ին կանխատեսվել է դրամի չափավոր արժեզրկում, թեև դեռևս ավելի բարձր մակարդակ՝ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբի համեմատ:

Համեմատաբար բարենպաստ զարգացումներ են արձանագրվել նաև ՀՀ բանկային ոլորտում։ Հայաստանյան բանկերն ունեն համապատասխան դրամային և դոլարային իրացվելիություն, և կազմակերպությունն ավանդների ապակայունացնող արտահոսքը հավանական չի համարում:

Վերոնշյալ բոլոր գործոնները հիմք են հանդիսացել կազմակերպության կողմից ՀՀ-ին տրվող վարկանիշի բարելավմանը։

Հիշեցնենք, որ «Fitch Ratings»-ը վերահաստատել էր նախորդ կանխատեսման (փետրվար) մեջ ՀՀ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»:

Մերի Բոյաջյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում