Հասարակական

Արցախում առողջապահական լուրջ ճգնաժամ է. Անահիտ Ավանեսյան

2 րոպեի ընթերցում

Արցախում առողջապահական լուրջ ճգնաժամ է. Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամին, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման։

«Այս պահին կան նաև բուժառուներ, որոնք Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն: Առավոտյան էլ խոսել եմ, և այժմ հնարավորինս մոտ ժամանակներում ակնկալում ենք տեղափոխում իրականցնել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:

Անդրադառնալով դեղորայքային պաշարներին՝ նախարարը նշեց, որ այս պահին Արցախում բոլոր պլանային միջամտությունները կասեցված են․ բոլոր դեղորայքային և բժշկակական նշանակության ապրանքները օգտագործվում են միայն անհետաձգելի ու սուր կարիքի պարագայում:

«Դեղորայքային ռեսուրսներն Արցախում, իհարկե, անսպառ չեն․ այս իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ առողջապահական ճգնաժամ, քանի որ այս պահին ամբողջ գործընթացը խաթարված է, և Արցախ դեղորայքի նոր խմբաքանակ չի մտնում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հավելեց, որ միջազգային բոլոր գործընկերներին թե՛ կոչերով, թե գրավոր ձևով փոխանցում է ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվությունը:

«Այս բոլոր փաստերը փոխանցվում են նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, Եվրոպական դատարանում Հայասատանի ներկայացուցչական խմբին և այլն: Այս ամենը նաև փաստագրվում է, որպեսզի հետո հիմք հանդիսանա որոշակի պատժամիջոցների համար: Այս պահին պատասխանները գոհացնող չեն, քանի որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց չէ»,- եզրափակեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում