Փաշինյանը ԼՂ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է համարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին:
«Այս պահին մեր խնդիրը Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է՝ դիվանագիտական եղանակներով և Լեռնային Ղարաբաղում հաստատված իրավիճակը միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն և օբյեկտիվ ներկայացնելու միջոցով: Այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ: