FemInno-ն այս տարի էլ կշարունակի նշանավորել կանանց դերը նորարարության և տեխնոլոգիաների ոլորտում
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկրորդ անգամ կազմակերպված FemInno համաժողովում այս տարի կանայք կհամախմբվեն «Կայուն զարգացում. շարժվելով դեպի մետավերս» թեմայի շուրջ:
«Մենք առաջին տարվանից հետո կարողացել ենք ստանալ մի ծրագիր, որը շատ ավելի ուժեղ ու լայն է, քան առաջին տարին: Այս տարվա թեման է «Կայուն զարգացում. շարժվելով դեպի մետավերս»: Հայաստանում մետավերսի գաղափարը շատ թարմ է. քննարկումները վիրտուալ իրականության շուրջ շատ քիչ են: Բայց բավական լուրջ տեխնոլոգիական զարգացումներ հենց սրա շուրջ են, ու մենք որոշեցինք մետավերսի թեման առաջ բերել, ոչ միայն օգնելով մեզ համար կարևորություն ունեցող կանանց մասնակցությունը շեշտադրելու, այլ նաև մի նոր հետաքրքիր ուղղություն քննարկելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց համաժողովի հիմնադիր Սեդա Պապոյանը:
Այս տարի կոնֆերանսին ելույթներով հանդես կգան խոսնակներ Ուրուգվայից, Ղրղըզստանից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Վրաստանից և մի շարք եվրոպական երկրներից: Պապոյանի խոսքով՝ աշխարհագրությունը, որը ծածկում են, օգնում է հասնել իրենց ամենակարևոր նպատակներից մեկին՝ Հայաստանի վրա նոր ուշադրություն բերել մինչև այդ Հայաստանի հետ որևէ առնչություն չունեցած մարդկանց միջոցով:
«Անցած տարի, լինելով առաջինը, մենք կարողացանք հաստատել, որ նման կոնֆերանսի կարիք Հայաստանում կա՝ գնահատելու, կարևորելու և խրախուսելու կանանց մասնակցությունը ինովացիաների կամ նորարարության ոլորտում, մասնավորապես բիզնեսում, տեխնոլոգիաներում ու գիտության մեջ:
Առաջին կոնֆերանսին նշաձող էինք սահմանել ու ուզում էինք հասնել դրան և հասկացանք, որ այդ նշաձողից վերև արձագանքներ ունեցանք, ինչը մեզ շատ օգնեց ավելի ուժեղանալու և ավելի վստահ շարունակելու մեր աշխատանքը, նորից խրախուսելու կանանց մասնակցությունը գիտության, տեխնոլոգիաների ոլորտում և նաև կարևորելու նրանց դերը»,- նշեց Պապոյանը:
Այս տարի կոնֆերանսին են միանալու այնպիսի մարդիկ, ինչպիսիք են NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ֆինանսական տեխնոլոգիաների հեղինակավոր ներկայացուցիչ Հենրի Արսլանյանը, Viber ընկերությանը գլոբալ բիզնես զարգացման ղեկավար Պետյա Կամբուրովան, որոնք, կոնֆերանսի կազմակերպիչների խոսքով, տեխնոլոգիական աշխարհի քարտեզի վրա Հայաստանը տեսանելի են դարձնում:
«Բոլոր բանախոսներն իրենց մասնագիտական փորձն ու կարողությունները կիսելուց զատ, միաժամանակ կարևորում են այն առաքելությունը, որը մենք ենք նախաձեռնել: Կարևորում ենք նաև տղամարդ խոսնակներին, որոնց շարքն աստիճանաբար ընդլայնվում է: Միանալով՝ նրանք խրախուսում են կանանց դերն այս ոլորտում»,-ասաց Պապոյանը:
Պապոյանի խոսքով՝ բոլոր ելույթները սովորեցնող են: Հիմնական բեմում ունեն առնվազն 20 ելույթ: Այս տարի առանձնացվել է 3 բեմ, դրանցից մեկում՝ Հայաստան բեմում, լեզուն հայերենն է, ունեն նաև վարպետության դասերի բեմ:
«Ունենք ցուցահանդեսային հատված, կրթական գոտի, տեխնոլոգիական ընկերությունների գոտի՝ իրենց աշխատանքի տոնավաճառի հնարավորությամբ: Այս տարվա կարևոր գոտիներից մեկը կանանց կողմից ստեղծված բիզնեսի գոտին է: Նպատակ ունենք ցույց տալ, աջակցել նրանց զարգացմանն ու առաջխաղացմանը: Ունենալու ենք նաև հետաքրքիր աշխատարաններ՝ տիկնիկ պատրաստելուց մինչև կավով աշխատանք»,- նշեց Պապոյանը:
Այս տարի ևս գործակցում են մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, և շարունակվում է նաև Սոնա Մնացականյանի անվան կին տաղանդների կրթաթոշակի ծրագիրը:
«Նախորդ տարի սկսեցինք կրթաթոշակը և շատ հետաքրքիր արդյունքներ ունեցանք: 10 աղջկա կարողացանք օգնել գիտության, տեխնոլոգիաների և կանաչ էներգիայի ոլորտում առաջ տանել իրենց գաղափարներն ու կրթական պլանները: Նույն ձևաչափով և բովանդակությամբ մրցույթը հայտարարված էր նաև այս տարի: Մրցույթը կամփոփվի համաժողովի վերջին օրը՝ մեր բեմից: Հուսով ենք՝ Սոնայի մայրիկը կմիանա մեզ՝ աղջիկներին հանձնելու մրցանակները, նաև փոխանցելու Սոնայի գործը շարունակելու կարևոր առաքելությունը: Մրցույթի դրամահավաքը շարունակվում է: Կարևոր է, որ մարդիկ միանան ու աջակցեն կրթաթոշակին, որպեսզի Հայաստանում շարունակվի նոր տաղանդների հաղթարշավը»,- նշեց Պապոյանը:
Կոնֆերանսի հիմնադրի խոսքով՝ կոնֆերանսին մասնակցել ցանկացող յուրաքանչուր անձ կկարողանա մասնակից լինել: Նա վստահեցրեց՝ այս տարի կոնֆերանսի շուրջ հետաքրքրությունը մեծացել է:
«Մենք անցած տարվա համեմատ նկատելի առաջխաղացում ենք նկատել, ավելի հեշտ են տղամարդիկ ասում մեր անունը, ավելի հեշտությամբ են որոշում միանալ մեր նախաձեռնությանը, շատ գործընկերներ իրենք են ցանկություն հայտնում միանալ մեր աշխատանքին և կոնֆերանսի մաս կազմել, ինչն արդեն խոսում է այն մասին, որ մենք հետաքրքիր միջավայր ենք ստեղծել: Նրանք գիտակցում են նաև, որ այս ուղղությունը կարևոր է»,- ասաց համաժողովի հիմնադիրը:
Միջոցառման կազմակերպիչները մտադիր են Հայաստանում ստեղծված այս կոնֆերանսը միջազգային հարթակներ տանել:
«Հոկտեմբերի 26-ին Սան Ֆրանցիսկոյում կկայանա FemInno առաջին արբանյակը: Մենք որոշել ենք հայկական արտադրության այս կոնֆերանսը, որպես համայնքին համախմբող երևույթ, տանել այն վայրեր, որտեղ տեխնոլոգիաները կարևոր են, տեխնոլոգիաների շուրջ զարգացումները ակտիվ են և որտեղ կան հայեր: Մենք պատրաստվում ենք FemInno-ի օգնությամբ նոր աճող ցանց ձևավորել հայ կանանց ներուժի շուրջ , որտեղ ներգրաված կլինեն ոչ միայն հայ կանայք»,- նշեց նախաձեռնության հիմնադիր Սեդա Պապոյանը:
Նա հիշեցրեց նաև համաժողովից հետո After party համերգի մասին: Գոռ Սուջյանը և Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդը միասին կամբողջականացնեն համաժողովի մասնակիցների և համերգին մասնակցել ցանկացողների երեկոն: Ամփոփելով, Պապոյանն ընդգծեց՝ իրենք ամենևին չեն փորձում ստեղծել հակադարձ խտրականություն, ճիշտ հակառակը՝ FemInno-ի շնորհիվ իրենք ստեղծում են նոր տոն՝ նորարարության շուրջ կանանց մասնակցությունը տղամարդկանց հետ միասին տոնելու համար:
FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովն այս տարի կանցկացվի հուլիսի 29-30-ին։ Միջոցառումը Հայաստանում և տարածաշրջանում կանանց ամենամեծ տեխնոլոգիական համաժողովն է, որի նպատակը բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելն է։ FemInno-ի թիմը նաև Girls in Tech համաշխարհային ցանցի հայկական մասնաճյուղն է ներկայացնում։
Կարինե Տերտերյան