Քաղաքականություն

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը

2 րոպեի ընթերցում

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան խորհրդարանին հղված նամակում մանրամասներ է հայտնել հունիսի 26-ին կայացած ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից, որտեղ նաև քննարկվել է Լաչինի միջանցքի շրջափակումը և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը տեղեկացրել է ԵՄ երկրների արտգործնախարարներին, որ Ադրբեջանն ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչը սպառնում է խորացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը։

Ըստ ԱԳ նախարարի՝ ինքը Նիդերլանդների անունից խորը մտահոգություն է հայտնել շրջափակման կապակցությամբ և կոչ արել ԵՄ-ին շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ իրականացնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և ապահովելու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը միջանցքով։

Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ կոչ է արել Ադրբեջանին՝ վերացնելու շրջափակումը: ԵՄ խորհրդի նախագահը հուլիսին նախատեսում է բանակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

ԵՄ անդամ բոլոր երկրները միահամուռ աջակցություն են հայտնել ԵՄ խորհրդի նախագահին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու իր ջանքերում։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում