Մշակույթ

Թատրոնների և համերգասրահների կապիտալ ծախսերը 2017 թվականի համեմատ աճել են 1032 տոկոսով․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Թատրոնների և համերգասրահների կապիտալ ծախսերը 2017 թվականի համեմատ աճել են 1032 տոկոսով․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր բարեփոխում որակեց թատրոնների ու համերգասրահների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապեը նաև պարզաբանեց, թե ինչ է այն իրենից ենթադրում։

«Մոտավորապես, իրավիճակը հետևյալն է. պետությունը պե՞տք է աջակցի ներկայացումների, նոր ներկայացումների բեմադրության հարցում: Այո՛: Ինչպե՞ս պետք է աջակցի: Ֆինանսապես: Շատ լավ: Ֆինանսապես աջակցում ենք, և, բնականաբար, հետո ուզում ենք գնանք, տեսնեք՝ ինչ ներկայացում է ստացվել, և գնում ենք, տեսնում ենք՝ շատ լավ ներկայացում է ստացվել: Եվ մենք մեր շուրջն ենք նայում, տեսնում ենք՝ բացի Կառավարության ներկայացուցիչներից՝ էլ մարդ չկա այդ դահլիճում: Բա մեր հանդիսատեսը ո՞ւր է: Դե, հանդիսատես չի եկել: Մի մասը չի հասկանում, մի մասը՝ չի ուզում։ Այսպես չի լինի, որովհետև Կառավարությունը այդ միջոցը ծախսում է, որ այդ մշակույթը հասանելի լինի մարդկանց։

Որակյալ աշխատանք է արված, բայց մենք չենք ուզում, որ սա դառնա էլիտար ակումբ, որտեղ 1000 հոգանոց դահլիճում 10, 15, 20, 50, 100, 200 հոգի նստում են և վայելում են, մեզ պետք է, որ մշակույթը հասանելի լինի մարդկանց, մարդիկ առնչվեն, որովհետև մեր ռազմավարական նպատակը հանրության կրթական մակարդակի շարունակական բարձրացումն է և քաղաքացիների միջև հարաբերությունների որակի փոփոխությունն է։ Երկար ժամանակ է մեզանից պահանջվել և պահանջվում, որ մենք թանգարաններին, թատրոններին, մշակութային կազմակերպություններին համոզենք, որ տնտեսավարությունը իրենց անբաժան մասն է։ Դրանք կազմակերպություններ ենք, որոնք ֆինանսապես և տնտեսապես պետք է լինեն առողջ»,- նշեց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ թատրոնների և համերգասրահների կապիտալ ծախսերը 2017 թվականի համեմատ աճել են:

«Թատրոնների և համերգասրահների կապիտալ ծախսերը 2022-ին 2017 թվականի համեմատ աճել են, ուշադրությո՛ւն դարձրեք, 1032 տոկոսով, այսինքն՝ մենք այս խոսակցության մեջ հասկացել ենք, որ թատրոնները, համերգասրահները որոշակի չափանիշների պետք է համապատասխանեն»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում