Ինովացիա

Հայ հիմնադիրներ ունեցող Intent.ai-ը, միավորելով AdTech ու հեռահաղորդակցության ոլորտները, գովազդային ոլորտում առաջարկում է նորարար լուծումներ

6 րոպեի ընթերցում

Հայ հիմնադիրներ ունեցող Intent.ai-ը, միավորելով AdTech ու հեռահաղորդակցության ոլորտները, գովազդային ոլորտում առաջարկում է նորարար լուծումներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հիմնադիրներ ունեցող Intent.ai ստարտափի մշակած հարթակի կիրառմամբ գովազդատուները կարող են մատչելի և հասկանալի ինտերֆեյսի միջոցով ճշգրիտ թիրախավորմամբ գովազդ մատուցել ցանկալի լսարանին. ընկերությունը գովազդային ոլորտում առաջարկում է նորարար լուծումներ:

HM2_0437.JPG (696 KB)

Տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է ճշգրիտ կանխորոշել օգտատերերի մտադրությունը (intention) և դրան համապատասխան գովազդ մատուցել: Ստարտափի տեսլականը գովազդային տեխնոլոգիաների (AdTech) ոլորտում օրակարգ սահմանող ընկերություն ձևավորելն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը պատմեց՝ ընկերության գաղափարը ծագել է 2017 թվականին իր և ընկերոջ՝ Ալեքսանդր Սմբատյանի հետ՝ Սթենֆորդի համալսարանում սովորելու ժամանակ:

HM2_0409.JPG (530 KB)

«Google-ը, Facebook-ը, WhatsApp-ը գովազդային շուկայի շնորհիվ մեծ գումարներ են աշխատում: Նրանց եկամուտների 95 տոկոսը հենց գովազդից է: Տելեկոմ ընկերությունները, չնայած ունենալով հսկայական ինֆորմացիա, դժվարանում են մոնետիզացնել այն: Մտածեցինք ստեղծել մի ընկերություն, որը կկարողանա համախմբել աշխարհի տելեկոմներին ու դառնալ Google-ի մրցակից»,- ասաց Եսայանը:

Intent.ai-ն առաջարկում է թիրախավորման ամենաբարձր ճշգրտություն. այլ գովազդային հարթակների համեմատ՝ 87%։ Տարիքի կանխորոշման տատանումն ընդամենը 1-3 տարի է, ինչով այն նույնպես առաջատար է։ Բացի այդ, հարթակը թույլ է տալիս հեշտ ինտերֆեյսի միջոցով ստեղծել յուրահատուկ թիրախային սեգմենտներ, այդ թվում՝ դրանցում ընդգրկելով մրցակից ընկերությունների լսարանը։

HM2_0454.JPG (407 KB)

«Google-ն ունի շատ ճշգրիտ տվյալներ, գիտի իր օգտատերերի հետարքրքությունները՝ օգտատերերի որոնումներով պայմանավորված։ Այսինքն, այս պահին Google-ին հասանելի են միլիոնավոր օգտատերերի տվյալներ: Սակայն տելեկոմ օպերատորների տվյալներն ավելի շատ են՝ պայմանավորված ինտերնետ մուտքերով: Ցանկացած երկրի 3 օպերատորները միասին ունեն ավելի շատ տվյալներ, քան Google-ը»,- մանրամասնեց համահիմնադիրը:

Ընկերությունում կարողացել են միավորել AdTech ու հեռահաղորդակցության ոլորտները: Արդյունքում, կարողանում են օգտատերերին խմբավորել՝ ըստ հետաքրքրությունների և սեգմենտավորման այլ չափանիշների՝ հիմք ընդունելով այն կայքերն ու հավելվածները, որ նրանք այցելում են։

HM2_0448.JPG (475 KB)

Ընկերության տվյալները հուսալի աղբյուրից են և այդ տվյալների հետ աշխատանքի ընթացքում շատ խիստ կերպով պաշտպանվում են անձնական տվյալները։ Տելեկոմ ընկերությունների հետ ինտեգրացիայի արդյունքում ընկերության տվյալների աղբյուրն առավել ճշգրիտ է, տվյալները first-party են, ի տարբերություն շուկայում առկա մնացած AdTech պլատֆորմների, որոնք օգտագործում են երրորդ աղբյուրի տվյալներ՝ գնված կամ այլ կերպ հավաքագրված։ Վերջիններս շուտով հասանելի չեն լինելու, քանի որ քուքիներն արգելվելու են։ Intent.ai-ի տեխնոլոգիան ապագայի առումով պաշտպանված է, քանի որ այն առկա է լինելու` անկախ քուքիների արգելքից։

«Հարթակը վերջին ամիսներին հասանելի է դարձել Նիգերիայում և Թունիսում։ Նիգերիան խոշոր օպերատոր Airtel Group-ի երկրներից առաջինն է, և շուտով հասանելիությունը կտարածվի այլ երկրներում, ուր տվյալ օպերատորը գործում է։ Թունիսում հասանելիությունն ապահովվում է Ooredoo Group-ի հետ համագործակցության շրջանակներում։ Կհաջորդեն Ooredoo-ի այլ երկրներ, դրանք են՝ Քուվեյթը, Քաթարը, Ալժիրը, Օմանը և Ինդոնեզիան»,-նշեց Եսայանը:

HM2_0476.JPG (427 KB)

Եսայանի խոսքով՝ բաժանորդների տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը պահպանված է: Ստեղծվել է GDPR-ի բոլոր պահանջներին համապատասխանող մոդել, ըստ որի ստացվող տվյալները նախապես ապանույնականացվում են և հետագայում դուրս չեն գալիս տելեկոմ ընկերությունների տվյալների կենտրոնից։ Ընկերության սերվերները տեղադրվում են այնտեղ և տվյալների մշակումը տեղի է ունենում հենց տելեկոմների տվյալների կենտրոններում։

«Մենք կարող ենք ասել հեռախոսի օգտատիրոջ հետարքրքությունը, բայց չենք կարող ասել հեռախոսի տիրոջ անունը կամ նույնիսկ հեռախոսահամարը, որովհետև այդ տվյալը տելեկոմից չենք վերցնում»,-նշեց Եսայանը:

Նմանը չունեցող ստարտափը մինչև օրս 5 մլն դոլար ներդրում է ներգրավել: Ընկերության խորհրդի կազմում են մեծ հաջողությունների հասած հայ գործարարներ, ինչպիսիք են Վահե Կուզոյանը, Ռազմիկ Հովակիմյանը, Արմենը Եմենիջյանը, որոնք շարունակելու են օգնել ընկերությանը: Եսայանի խոսքով՝ առաջիկայում մեծ գումարներ ներգրավելու նաև եվրոպական տելեկոմ ընկերության հետ պայմանագիր կնքելու պլաններ ունեն:

HM2_0445.JPG (492 KB)

«Մենք տրանսֆորմացնում ենք տելեկոմների գործունեությունը՝ հնարավորություն տալով գովազդային շուկա մտնել, իսկ գովազդատուներին տալիս ենք Google-ի այլընտրանք՝ որակյալ թիրախավորման հնարավորությամբ»,-ասաց Եսայանը:

Ծրագրում են ընդլայնել գործունեությունը դեպի այն երկրներ, ուր հասանելի են իրենց գործընկեր տելեկոմ ընկերությունները. այժմ բանակցություններ են վարվում շուրջ 20 տելեկոմի հետ։ Սպասվելիք միջոցառումների տեսանկյունից՝ Intent.ai-ն այս տարի Sevan Startup Summit-ի թվային նորարարության գործընկերն է, ինչպես նաև նախատեսում է մասնակցել AdTech ոլորտի մի շարք նախագծերի՝ Հայաստանում և արտերկրում։

Կարինե Տերտերյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում