Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ

6 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հունիսի 28-ին տեղի է ունեցել նրա հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի ոլորտի կոնվենցիաների կիրարկումն ապահովող աշխատակազմը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը «Մոնդիակուլտ 2022» համաժողովի եզրափակիչ հռչակագրի դրույթներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակվող Մշակույթի և գեղարվեստական կրթության զարգացման փաստաթղթին: Կարևորվել են նաև մշակութային և լեզվական բազմազանության հարցերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն խմբի գործունեությունը։

Ըստ աղբյուրի՝ քննարկման ընթացքում նախարարը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և ինքնության աղավաղման հարցերին, այդ թվում՝ Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու Ադրբեջանի ծրագրին, որի մասին հայտնի է դարձել անցյալ շաբաթ։

«Ներկայացվել է հայկական կողմի խոր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կողմից մշակութային և մարդու հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորության բացակայության կապակցությամբ։ Շեշտվել է նաև, որ շրջափակման հետևանքով խախտվում է նաև արվեստագետների շարժունության սկզբունքը։ Այս կապակցությամբ մեկ անգամ ևս կարևորվել է Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի սահմանամերձ տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը։

Էռնեստո Օտտոնեն բարձր է գնահատել Հայաստանի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությունը՝ այդ թվում ընդգծելով Հայաստանի ակտիվ մասնակցությունը և աջակցությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության ուսումնասիրության, տեխնիկական առաքելությունների իրականացման և վերականգնողական աշխատանքներին մասնակցության հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հունիսի 28-ին նաև կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ։ Գլխավոր տնօրենի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ներսես Շնորհալուն նվիրված ճանաչողական ցուցահանդեսի և գիտաժողովի կազմակերպման համար։

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել Գլոբալ քաղաքացիության և մարդու իրավունքների կրթության, ինչպես նաև կրթության միջոցով ռասիզմի, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, «Կանաչ կրթություն» նախաձեռնության, թվային կրթության զարգացման հարցերի շուրջ։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է Հայաստանի որոշումը՝ մասնակցել «Կանաչ կրթություն» նախաձեռնությանը: Նախարարը կարևորել է թվային կրթության և թվայնացման գործընթացների ընդլայնումը կրթության ոլորտում, միջբուհական համագործակցության շրջանակների ընդլայնումը, կրթության համակարգում ներառականության ընդլայնման հարցերը:

«ԿԳՄՍ նախարարը կարևորել է տարածաշրջանում խաղաղ կրթության ապահովումը և առաջարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ գործուն մասնակցությամբ աջակցել այս գաղափարին:

Անդրադառնալով թվային կրթությանը և ուսուցիչների կարողությունների զարգացմանը՝ ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի սահմանամերձ շրջանների և Լեռնային Ղարաբաղի ուսուցիչներին աջակցելու, վերապատրաստման ծրագրերում ներգրավելու կարևորությունը։ Նախարարն ընդգծել է, որ խախտվում են նաև երեխաների և ուսանողների կրթություն ստանալու իրավունքները. աշակերտները հաճախակի զրկված են լինում դպրոց հաճախելու, իսկ ուսանողները՝ բուհերում առկա ուսուցում ստանալու հնարավորությունից»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ (INALCO), որտեղ հանդիպել է կառույցի ղեկավար Ժան Ֆրանսու Հյուշեի, հայագիտության բաժնի դասախոսների և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այնուհետև նախարարը շրջայց է կատարել և ինստիտուտի գրադարանում ծանոթացել հայերեն հնատիպ գրքերին: Նախարարը բուհի գրադարանին է նվիրել Ներսես Շնորհալուն նվիրված մատենագիտական վերջին հրատարակությունը։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցել գրադարանային ֆոնդի համալրմանը, կազմակերպել հայագիտական կենտրոնների ուսանողների հավաք Հայաստանում, աջակցել կենտրոնի գիտական ուսումնասիրությունների ծրագրերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում