Life

Բրյունետն առաջիկայում հանդես կգա մենահամերգով ու նոր երգերով

2 րոպեի ընթերցում

Բրյունետն առաջիկայում հանդես կգա մենահամերգով ու նոր երգերով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետն առաջիկայում կուրախացնի իր երկրպագուներին մենահամերգով ու նոր երգերով, որոնց ուղղությամբ այժմ աշխատում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին երգչուհին հայտնել է «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում՝ պատասխանելով հետևորդների հարցերին:

Նա նշել է, որ չի ցանկանում շատ փակագծեր բացել, բայց ինքն ու իր թիմը քրտնաջան աշխատում են յուրահատուկ շոուով հանդես գալու համար:

«Մինչ մենահամերգը ծրագրում եմ երեք սինգլ թողարկել երեք ամսվա ընթացքում: Երգերի պրեմիերաները նախատեսվում են համերգին, իսկ մինչև տարվա վերջ ավելի շատ երգեր կլինեն»,- խոստացել է Բրյունետն ու հավելել, որ նոր երգերից մեկը, որը երկրպագուներին կներկայացնի մեկ ամսից, կոչվելու է «No Time To Cry For Him»:

Անդրադառնալով եվրատեսիլյան «Future Lover» երգին՝ Բրյունետը նշել է, որ այն գրել է դժվարությամբ, սակայն այդ ընթացքն անմոռանալի է: Երգչուհին խոստովանել է, որ երգն ունեցել է հատված, որը կտրել են մինչ հանրությանը ներկայացնելը:

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում, Բրյունետը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում