Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության խախտում է. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության խախտում է. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցք մուտքի արգելափակումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության խախտում, որը բերում է լարվածության խորացման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է Զախարովան ՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մուտքը փակելու կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում են: Նման քայլերը հանգեցնում են լարվածության սրմանը և չեն նպաստում Ռուսաստանի աջակցությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը», - ասել է Զախարովան:

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով, ինչպես նաև ընդգծում է եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման կարևորությունը:

Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):

«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:

Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները»,- ասված էԱրցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում