Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև․ԱՄՆ կոնգրեսական

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի ժողովրդավար ու խաղաղասեր ազգաբնակչությունն այսօր ենթարկվում է ավտորիտար ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացվող էթնիկ զտումների և կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ուժ, սպառնալիքներ գործադրել և ահաբեկչություն իրականացնել՝ նպատակ ունենալով արտաքսել կամ բնաջնջել Արցախի քաղաքացիներին և առանց հետևանքների վերահսկողություն հաստատել հայկական տարածքների վրա։ Շուրջ յոթ ամիս Արցախի ժողովուրդն ապրում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում, ինչը միջազգային իրավունքի և հրադադարի մասին 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է»,- ասել է կոնգրեսական Շիֆը։

Նրա դիտարկմամբ՝ Արցախն օգտագործվել է որպես սակարկության առարկա բանակցային գործընթացում՝ առանց որևէ ներկայացվածության, ինչը հակասում է ԱՄՆ-ի դավանած արժեքներին և միջազգային իրավունքին։ Կոնգրեսականը վկայակոչել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»։ Շիֆը հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով միակամ հռչակեց իր անկախությունը և այդ քայլը համահունչ էր միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից 1970 թվականին վավերացված պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության դաշնագրի դրույթներին։

Ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի կառավարությունը շարունակում է բարձրաձայնել միջազգայնորեն ճանաչված ձևաչափով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցային գործընթացում ներգրավվելու իր ցանկության մասին՝ որպես իրավահավասար կողմ, ինչն, ըստ կոնգրեսական Շիֆի, պետք է լինի անվտանգության, ինքնորոշման իրավունքի հարցում միջազգային երաշխիքների առկայության և բանակցող կողմերի պարտավորությունների կատարման պայմաններում։

«Արցախում ապրող 120.000 հայերի անվտանգությունն ու իրավունքները չեն կարող երաշխավորվել Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանության կողմից, որը տարիներ շարունակ կազմակերպել է բազմաթիվ վայրագություններ արցախահայերի նկատմամբ, ներառյալ Շուշիի և Հադրութի հազարավոր հայերի էթնիկ զտումները 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Ադրբեջանցիներն իրականացրել են նաև հայ ռազմագերիների խոշտանգումներ ու սպանություններ, ոչնչացրել են Արցախում հայկական կրոնական և մշակութային արժեքները»,- նշել է Շիֆը։

Կոնգրեսականի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել Արցախի ժողովրդին ու կանգնել նրա կողքին՝ հասնելու այն ճանաչմանը, որին արցախահայությունն արժանի է՝ ի թիվս այլ ժողովուրդների։ ԱՄՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Արցախում մարդու իրավունքների պաշտպանության համար ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները,

«ԱՄՆ-ն պետք է կոչ անի Ադրբեջանին՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, պատժամիջոցների և օգնության դադարեցման միջոցով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար, պետք է ապահովի Արցախի ժողովրդի պաշտպանությունն ու ինքնորոշման իրավունքը, առավել ևս, որ արցախահայությունը հայտարարել է, որ չի հրաժարվի անկախության իր իրավունքից և արժանապատիվ, խաղաղ կյանքով ապրելու նպատակադրությունից»,- եզրակացրել է կոնգրեսական Շիֆը։

Հայերեն العربية English Français Русский

Լիլիթ Մակունցի ճեպազրույցը

Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 2.9 մլրդ դրամով

Մակունցը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը հետ կկանչի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը

ՀՀ ԱԺ նախագահն ու Մեքսիկայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Եմենի կառավարական ուժերը հայտնել են հութիներից դիրքեր հետ գրավելու մասին

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման