Պաշտոնական

ՀՀ նախագահը Բեռլինում այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Բեռլինում այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ: Հիմնադրամի նախագահ Հանց Պաքեն, ողջունելով ՀՀ նախագահին, շնորհակալություն է հայտնել այցելության համար և նշել, որ երկար տարիներ հիմնադրամը բազմաթիվ կարևոր ծրագրեր է իրականացրել Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր խոսքում անդրադարձել հիմնադրամի երկարատև գործունեությանը՝ կարևորելով վերջինիս դերը Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում ժողովրդավարության, ժողովրդավարական գաղափարների տարածման գործում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում իրականացվող բարեփոխումներին և առկա խնդիրների հաղթահարման ուղիներին: Ընդգծվել է, որ ժողովրդավարական համակարգերի ձևավորման ու ամրապնդման համար կարևոր նախապայմաններից է կայուն խաղաղությունը, ինչն էլ վերջնարդյունքում հանդիսանում է հիմնադրամի գործունեության նպատակներից մեկը:

Վահագն Խաչատուրյանը նկատել է, որ ինքն անձամբ, ինչպես նաև ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտի երիտասարդ շատ գործիչներ սերտորեն համագործակցել են հիմնադրամի հետ, ինչն իր դրական ազդեցությունն է թողել ազատական գաղափարների տարածման համար: Նա շեշտել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստող նախաձեռնություններին:

ՀՀ նախագահ նաև հույս է հայտնել, որ Նաումանի հիմնադրամը առաջիկայում նույնպես կակտիվացնի հարավկովկասյան տարածաշրջանում իր ավանդական գործունեությունը, որը հավելյալ խթան է ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, խաղաղության հաստատման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում