Մշակույթ

Համերգը սկսեց ինչպես հրեշտակը, եզրափակեց ինչպես սատանան. Հաուսերը «պայթեցրեց» երևանյան բեմը

3 րոպեի ընթերցում

Համերգը սկսեց ինչպես հրեշտակը, եզրափակեց ինչպես սատանան. Հաուսերը «պայթեցրեց» երևանյան բեմը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես ինքն է հարցազրույցներում հաճախ նշում, համերգն սկսեց հրեշտակի պես, եզրափակեց սատանայի նման: Խորվաթ թավջութակահար Հաուսերը (HAUSER), որն աշխարհը նվաճել է ոչ միայն դասական, այլև ժամանակակից հիթերի յուրահատուկ կատարումներով, հունիսի 17-ին «Հայա» փառատոնի շրջանակում հանդես եկավ երևանյան մենահամերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, որը լեփ-լեցուն էր:

Մինչ գեղեցիկ երաժշտությամբ և անսովոր մեկնաբանություններով հանդիսատեսին գերելը, Հաուսերն ասաց՝ ուրախ է կյանքում առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում: «Շնորհակալ եմ, որ եկել եք համերգին և հույս ունեմ, որ լավ ժամանակ կանցկացնենք միասին»,- նշեց թավջութակահարը:

Նա նախապես տեղեկացրեց, որ սկսելու է մեղմ երաժշտությամբ, ընթացքում անցնելու է վայրի ստեղծագործությունների, և այդպես էլ արեց: Ներկաները դասական գործերն ունկնդրեցին նստած, սակայն հետո Հաուսերն իր փայլուն երաժիշտների հետ նվագեց սիրված ֆիլմերի սաունդթրեքեր, «Despacito», «Señorita», «Livin' La Vida Loca» և մի շարք այլ հիթեր, որոնք հանդիսատեսը վայելեց կանգնած երգելով ու պարելով:

Հաուսերին հաջողվեց ներկաներին ակտիվ պահել ոչ միայն հրաշալի կատարումների, այլև սեփական խարիզմայի, դիմախաղի միջոցով. նա ասես սեթևեթում էր երաժշտասերների հետ ու գերում բոլորի սրտերը:

Երեկոյի ամենահետաքրքիր դրվագներից մեկն էր այն, երբ Հաուսերն անսպասելի իջավ բեմից, նվագելով շրջեց դահլիճում՝ լուսանկարվելով երկրպագուների հետ, ծաղկեփնջեր ստանալով:

Դրական էներգիայով լեցուն երաժշտական երեկոյից հետո Հաուսերը բեմը լքեց բուռն ծափահարությունների ու «բրավո» վանկարկումների ներքո:

Վստահաբար ներկաները թավջութակահարի երևանյան համերգը երկար կհիշեն:

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Հաուսերը նշել էր՝ իր հաջողության գրավականն ինքն իր հետ անկեղծ լինելը, որևէ մեկին չկրկնօրինակելն է: «Դու անընդհատ վայրէջքներ ու վերելքներ ես ապրում, բայց չպետք է հանձնվել, պետք է աշխատել ու շարունակել առաջ գնալ»,-ընդգծել էր թավջութակահարը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում