Գյումրիում ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնությամբ ելույթ ունեցավ ամերիկյան Black Alley բենդը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համերգային շրջագայության շրջանակներում հունիսի 5-ին Գյումրիում ելույթ ունեցավ ամերիկյան Black Alley բենդը:

Black Alley բենդի այցը հունիսի 1-6 կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» (American Music Abroad) ծրագրի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի ներքո իրականացվող համերգային շրջագայությունների ընթացքում ԱՄՆ երաժշտական դեսպանների նոր ու բազմազան սերունդը հնարավորություն է ստանում հանդես գալ տարբեր բեմերում և շփվել այլ երկրների հանդիսատեսի ու երաժիշտների հետ։ Բենդերն ընտրվում են մրցութային լսումների միջոցով։

Մինչ համերգը հյուրերը հանդիպեցին Գյումրու «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների զարգացման կենտրոնի երեխաների հետ:

«Ես խմբում եմ մոտ 12 տարի: Իրականում բենդի կազմում շատ հիանալի անհատներ են ու դա շատ կարևոր է, որ կարողանանք մեր հիանալի գաղափարները ներկայացնել հանրությանը: Մեզ համար շատ կարևոր է ընտանեկան արժեքներն ու հարատևությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց խմբի անդամ Ջոշա Քամերոնը՝ նշելով, որ «Էմիլի Արեգակ»-ի մասին իմացել է մինչև Գյումրի գալն ու շատ տպավորված է: «Մեզ համար մեծ պատիվ է ու մեր առաքելության մի մասն է գալ Գյումրի ու ծառայել այս երեխաներին, որպեսզի նրանք զգան այն ուրախությունը, որ մենք տալու ենք իրենց ու չկարծեն, որ իրենք տարբեր են, այլ իրենք էլ նույնն են ու նման բոլորին»:

Խոսելով Հայաստան այցի մասին և չթաքցնելով իր հիացմունքը, երաժիշտը նշեց՝ ուրախությամբ կրկին Հայաստան կգա: «Հիանալի տպավորություններ ունենք մարդկանցից, սննդից, երկրից: Վստահաբար հիացած ենք ու կրկին վերադառնալու ակնկալիքներ ունենք»,-հավելեց Ջոշա Քամերոնը:

Black Alley բենդը, որը հիմնվել է մայրաքաղաք Վաշինգտոնում, հայտնի է երաժշտարվեստում ռիթմի առավելագույն սահմաններին ձգտելու իր մղումներով։ Ժանրից ժանր անցնող նրանց կատարումներում միավորված են հիփ-հոփ, գո-գո և ռոք երաժշտությունը, իսկ ակունքներում՝ աֆրոամերիկյան երաժշտարվեստն է։

Black Alley բենդի շրջագայության ընթացքում նախատեսվում են համերգներ, ստեղծագործական աշխատարաններ ու վարպետության դասեր հայ խոստումնալից երաժիշտների ու երգահանների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով ստեղծարար գործընթացը, կանանց դերակատարումը և շեշտադրվելով բազմազանության, հավասարության ու ներառման գործոնները։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский