Հասարակական

Արցախի երեխաներին աջակցող «Սեր Արցախ» նախագիծը մեկ տարեկան է

2 րոպեի ընթերցում

Արցախի երեխաներին աջակցող «Սեր Արցախ» նախագիծը մեկ տարեկան է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի մեկ տարի առաջ մեկնարկած «Սեր Արցախ» ծրագիրը արդեն 1627 նվերներ-տուփեր է (683՝ շրջափակման սկսվելուց ի վեր) առաքել Արցախում լույս աշխարհ եկած բոլոր նորածիններին։ Հիմնադրամը նախատեսում է շարունակել Արցախում ապրելն ընտրած ընտանիքներին աջակությունն այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամից։

Ըստ աղբյուրի՝ նախագծի մեկնարկը տրվել է 2022-ի հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը` ի նշան հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։ Այն շարունակելու հրամայականն առավել օրհասական դարձավ Արցախի շրջափակման ժամանակ, երբ մանկական խնամքի պարագաները սուղ դարձան:

«Ծրագիրը չպետք է ընկալվի որպես կանոնավոր նվիրատվություն կամ բարեգործական նախաձեռնություն։ Հակառակը, մենք ստեղծել ենք այս նախագիծը պատվելու համար Արցախում այս դժվարին պայմաններում ապրող և բարգավաճող ընտանիքներին»,- նշել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հիմնադիր-նախագահ, Բաքվից հայ փախստական Աննա Աստվածատուրյան-Թերքոթը: Նա նաև հայտնում է, որ նախագծի գրանցած հաջողության շնորհիվ նախապես ծրագրված վեց ամիսների փոխարեն այն երկարաձգվեց մինչև մեկ տարի:

Հիմնադրամի տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր նվեր-տուփն արժե մոտ 105 ԱՄՆ դոլար և ներառում է 22-25 միավոր բարձրորակ հագուստ և հիգիենայի պարագաներ երեխայի և մոր համար, որոնք կա՛մ պատրաստվում են, կա՛մ ձեռք են բերվում Հայաստանում։ Այս քայլով հիմնադրամը մատնանշում է հենց տեղական արտադրությանն աջակցելու կարևորությունը: Մայրիկին նվեր-տուփը հանձնվում է Արցախի երեք ծննդատներից յուրաքանչյուրից դուրսգրման պահին:

Նախաձեռնությունը հիմնված է նվիրատվությունների վրա և դրանցից ստացված ողջ հասույթն օգտագործվում է «Սեր Արցախ» նվեր-տուփերի համար։

Հիմնադրամը հույս ունի մոտ ապագայում սփյուռքի դոնորների աջակցությամբ սկսել «Սեր Սյունիք» նախաձեռնությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում