Մշակույթ

«Արմենպրես»-ի ֆոտոդպրոցի շրջանավարտները հավաստագրեր ստացան

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ի ֆոտոդպրոցի շրջանավարտները հավաստագրեր ստացան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալության ֆոտո-լրատվության դպրոցի դասընթացների մասնակիցները հունիսի 1-ին հավաստագրեր ստացան:

HM2_5462.JPG (377 KB)

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆոտոդպրոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆելիքս Առուստամյանն ասաց, որ 2022-2023 ուսումնական տարում ունեցել են 11 աշակերտ, սակայն հավաստագիր են հանձնում յոթին, քանի որ մյուս մասնակիցները լիարժեք չենք հաճախել դասերին:

«Դիմորդները ոչինչ չգիտեին ֆոտոյի մասին, անգամ ծառ չէին կարողանում լուսանկարել, սակայն հիմա որոշ նվաճումներ ունեն. լավ են լուսանկարում, իսկ նրանցից մեկն արդեն աշխատում է»,-նշեց նա:

Առուստամյանի խոսքով՝ լուսանկարիչներ են պատրաստում լրատվական դաշտում աշխատելու համար: «Այս տարվա խմբում կան ուսանողներ, որոնք սովորում են տարբեր համալսարաններում, բայց ցանկանում են լուսանկարչությամբ զբաղվել: Նախորդ տարվա աշակերտներից մեկն այս տարվա դասընթացներին ևս մասնակցել է»,-տեղեկացրեց լուսանկարիչը:

Ֆելիքս Առուստամյանը տարիներ շարունակ իր գիտելիքներն ու հմտություններն է փոխանցել իր աշակերտներին, ուսանողներին, որոնք աշխատում են ամենաբարձր հարթակներում, սակայն նա խոստովանում է, որ շատ չեն տաղանդաշատ լուսանկարիչները, բայց ունի սաներ, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ մոտեցումներով:

HM2_5465.JPG (323 KB)

Աննա Գալստյանը մասնակցում է դասընթացներին, որովհետև շատ է սիրում լուսանկարել: «Կարծում եմ՝ լուսանկարներս գեղեցիկ են ստացվում: Արդեն ունեմ մասնագիտություն, սակայն լուսանկարչությունն իմ հոբբին է, որով զբաղվելու եմ»,-ասաց նա:

HM2_5435.JPG (516 KB)

Արմեն Չատինյանը լուսանկարչությամբ հետաքրքրվել է իր հորեղբոր շնորհիվ, որը «Կռունկ» փառատոնի պրոդյուսերն է: «Նրա միջոցով եմ բացահայտել լուսանկարչության աշխարհն ու հասկացել, որ կարող եմ մասնագիտանալ այդ բնագավառում»,-նշեց նա:

Արմենի խոսքով՝ շատ բան է սովորել Ֆելիքս Առուստամյանից: Սիրում է լուսանկարել քաղաքի առօրյան, հինն ու նորը, բնությունն ու կենդանական աշխարհը:

HM2_5446.JPG (688 KB)

«Արմենպրես»-ի ֆոտո-լրատվության դպրոցն արդեն երրորդ տարին է անվճար դասընթացներ կազմակերպում: Մինչ օրս հաճախել են 12-ից 20 տարեկան մասնակիցներ: «Ես նրանց ասում եմ՝ եթե ցանկանում եք սովորել, պետք է պատասխանատու լինեք»,-եզրափակում է Ֆելիքս Առուստամյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում