Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալը հատուկ խորհրդականին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ հայատյացության հողի վրա իրականացվող այս ապօրինի գործողությունները Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականության վկայությունն են։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումներին և այդ համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացման կարևորությանը։

Վահե Գևորգյանը կարևորել է Հայաստանի և Հատուկ խորհրդականի գրասենյակի շարունակական սերտ համագործակցությունը ՄԱԿ կանխարգելման օրակարգի շրջանակներում՝ շեշտելով հատուկ խորհրդականի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ կողմից ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման մեխանիզմների գործարկման նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում