Հնարավոր խաղաղության պայմանագրի երաշխավորի առնչությամբ ըմբռնման որոշակի փոփոխություն կա. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի թեմայով բանակցություններում ըմբռնման որոշակի փոփոխություն կա: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե Արևմուտքի, Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններում որևէ կողմ պատրաստակամություն հայտնե՞լ է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի երաշխավորի դերը, երաշխավորը պետք է լինի որևէ երկի՞ր, թե՞ կառույց։

«Ուրախությամբ ընդգծեմ, որ այդ թեմայով էլ, կարծես թե, ըմբռնման որոշակի փոփոխություն կա»,-ասաց Փաշինյանը:

Ընդ որում, բանակցային գործընթացի ընթացքում երաշխավորի ֆունկցիան նկարագրող այլ տերմիններ ևս առաջարկվել են:

Վարչապետն ընդգծեց, որ երաշխավոր լինելն այսպիսի բարդ տարածաշրջանում, նախ և առաջ, շատ մեծ պատասխանատվություն է, որը կարող է երկրների համար և հնարավորություններ, և ռիսկեր առաջացնել, և կարող է հեղինակությունը բարձրացնել, և դրան լրջորեն վնասել:

«Այնպես չէ, որ բոլորը խանդավառված են և իրար հերթ չտալով ուզում են այդ դերը ստանձնել: Բայց միևնույն ժամանակ, եթե միջազգային հանրությունն արձանագրի, որ կողմերի միջև իսկապես անկեղծ ցանկություն կա՝ տևական խաղաղություն հաստատելու, ես կարծում եմ, որ կլինեն երկրներ ու կազմակերպություններ՝ սկսած առանձին երկրներից, ավարտած ՄԱԿ-ի ԱԽ-ով, որ ոչ թե կցանկանան, այլ կհամաձայնեն ստանձնել այդ գործառույթը»,-ասաց վարչապետը:

Վաշինգտոնի բանակցությունների ամենակարևոր արձանագրումը վարչապետը համարեց այն, որ կողմերը X պահից սկսել են միմյանց հետ հաղորդակցվել ավելի ուղիղ և բաց՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները, դիմացինի նկատմամբ ունեցած անվստահության պատճառներն ու հիմքերը:

«Շատ նրբություններ են ի հայտ եկել, որոնք նախկինում կողմերին գուցե այդքան տեսանելի չէին կամ, համենայն դեպս, արձանագրված չէր: Վաշինգտոնի բանակցությունների ամենամեծ առանձնահատկությունը համարում եմ խոսակցության ոճը, շատ ուղիղ խոսակցություն է տեղի ունեցել: Բանակցություններում հաճախ նախադասությունները թաքնված իմաստներ շատ են պարունակում, և երբեմն հեշտ չէ կռահել: Մի ինչ-որ պահի այդ թաքնված իմաստները սկսել են ավելի քիչ լինել և խոսակցությունները փոխադարձաբար եղել են ավելի հասկանալի: Համենայն դեպս, մեր տպավորությունն է այդպես»,-ասաց Փաշինյանը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին