Հասարակական

Այս համաձայնագրերի ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության համար նոր էջ կբացվի. Անահիտ Ավանեսյան

2 րոպեի ընթերցում

Այս համաձայնագրերի ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության համար նոր էջ կբացվի. Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում երկու երկրների միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության համար նոր էջ կբացվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Համագործակցության մանրամասները քննարկվել են Անահիտ Ավանեսյանի և Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպմանը:

Նշվել է, որ համաձայնագրերից մեկն ուղղված կլինի դեղագործության ոլորտում Հայաստանի ներուժին, որը կարող է գրավիչ լինել հնդկական կողմի համար` նաև ԵԱՏՄ շուկա մուտք գործելու տեսանկյունից:

Երկրորդ համաձայնագիրը նախատեսվում է կնքել Հայաստանի առողջապահության նախարարության և Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության միջև` հանրային առողջության և բժշկական գիտության բնագավառում:

Քննարկվել են նաև բժշկական տուրիզմի զարգացման հնարավորությունները, փոխպատվաստման ոլորտում ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև մասնագետների փորձի փոխանակման ծրագրերը:

«Մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը շատ բարձր է: Հուսով եմ` Ձեր առաքելությունը Հայաստանում ևս կնպաստի կոնկրետ ոլորտներում այդ ներուժի իրացմանը»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում