Հասարակական

Ակադեմիական քաղաքի հայեցակարգը կհաստատվի մինչև սեպտեմբեր. նախարար

2 րոպեի ընթերցում

Ակադեմիական քաղաքի հայեցակարգը կհաստատվի մինչև սեպտեմբեր. նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվող Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախնական տարբերակը պատրաստ է, այն պետք է հաստատված լինի մինչև սեպտեմբեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր ելույթում:

«Ակադեմիական քաղաքը երևի թե ամենահավակնոտ, բայց ամենակարևոր ծրագրերից է: Մեր նախնական պատկերացումներով այստեղ կարող են լինել շուրջ 44 հազար ուսանողներ, դասախոսներ: Այսինքն՝ մենք խոսում ենք շատ մասշտաբային մի ծրագրի մասին»,-ասաց Անդրեասյանը:

Պետությունը պլանավորել է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի 3 կլաստերներից:

«Հայֆիլմի» տարածքում պլանավորում ենք արվեստների կլաստերը, Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում պլանավորում ենք տեխնոլոգիական կլաստերը: Ունենալու ենք նաև երրորդ կլաստերը»,-ասաց նախարարը:

Անդրեասյանը կարծում է, որ երրորդ կլաստեր կարող են տեղափոխվել նաև որոշ միջպետական բուհեր, որոշ միջազգային բուհեր: Քննարկվում է, որ այդ տարածքում կարողանան իրականացնել նաև ազգային ստադիոնի կառուցման ծրագիրը:

Անդրադառնալով ժամանակացույցին՝ նախարարն ասաց. «Այս պահին ստեղծում ենք ծրագիրն իրականացնող կառույցը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը: Ես կարծում եմ, որ հիմնադրամի ստեղծումն օրերի հարց է, որն իր վրա կվերցնի բոլոր նախապատրաստական, իրականացման, նաև հետագա կառավարման աշխատանքների պլանավորումը»:

Անդրեասյանը հիշեցրեց, որ վարչապետի որոշմամբ դեռ նախորդ տարի ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը երկար աշխատանք է տարել: Խոշորացված բուհերը՝ գիտահետազոտական գործառույթի հետ միասին կտեղակայվեն արդեն Ակադեմիական քաղաքում՝ կլաստերային տրամաբանությամբ:

«Հայեցակարգի նախնական տարբերակն ունենք, այն պետք է հաստատված լինի մինչև սեպտեմբեր»,-նշեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում