Մշակույթ

Երևանում տեղի կունենա «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը

3 րոպեի ընթերցում

Երևանում տեղի կունենա «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական  նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է նոր և բացառիկ «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին համերգը կկայանա ապրիլի 21-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան, ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Համերգը կուղեկցվի դաշնակահար Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։ Բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը։

Varsenik Avanyan.jpg (153 KB)

Ծրագրում ներկայացված է ֆրանսիական իմպրեսիոնիզմն՝ իր ողջ գունապնակով։ Արվեստի այդ ուղղությունը հայտնի է ավելի շատ գեղանկարչությամբ, սակայն այս շրջանը հայտնի է նաև իր երաժշտությամբ, որը, սակայն քիչ է հայտնի երաժշտասերների շրջանակում։ Կհնչեն Մ․ Ռավելի «Շեհերազադե», «Պավան», «Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի շարք), «Հունական երգեր», Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե», Գ․ Ֆորեյի «Ադաջետո» և «Իմպրովիզ», Կ․ Դեբյուսիի «Երազ» ստեղծագործությունները։

Ստեղծագործության հիմքում 20-րդ դարի բանաստեղծ Տ․ Կլինգզորի «Շեհերազադե» բանաստեղծությունների ժողովածուն է, որը գրվել է Ռիմսկի-Կորսակովի համանուն սիմֆոնիկ սյուիտից ոգեշնչված։

Մ․ Ռավելի «Շեհերազադե» եռամաս վոկալ շարքը հեքիաթային գունեղությամբ արտահայտում է արաբական հեքիաթների մթնոլորտը, գույները և երանգները։

«Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի մշակումներ) շարքում ընդգրկված է ինչպես ֆրանսիական, այնպես էլ իտալական, հրեական, իսպանական երգեր, որոնք գրված են հին բարբառներով (Լիմոժ տարածաշրջանի, ռոմաներեն, իդիշ բարբառով)։ Ռավելի մշակմամբ «Հունական երգեր» շարքը հնչում է ֆրանսերեն լեզվով։ Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե» ստեղծագործությունը գրվել է Թ․ Գոտյեի «Ամառային գիշերներ» բանաստեղծությունների շարքի հիման վրա։

Նախագիծն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գործընկերությամբ։

«Չբացահայտված Եվրոպա» նախագիծը եվրոպացի հայտնի կոմպոզիտորների՝ Հայաստանում չկատարվող ստեղծագործություններից բաղկացած ծրագիր է։ Այն բաղկացած է վոկալ-կամերային երեք համերգներից, որոնցից երկուսը նվիրված է եվրոպական կոնկրետ երկրի (Ֆրանսիա, Գերմանիա), իսկ վերջինը՝ Եվրոպային։

Ստեղծագործությունները գրված են ձայնի, կամերային նվագախմբերի և կամերային այլ կազմերի համար։ Յուրաքանչյուր համերգ ուղեկցվելու է ռեժիսորի կողմից պատրաստված պրոյեկցիաներով՝ ծրագրի բովանդակությանը համապատասխան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում