Տնտեսություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը քննարկել են Հայաստանում վերջին տնտեսական զարգացումները

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը քննարկել են Հայաստանում վերջին տնտեսական զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանում վերջին տնտեսական զարգացումները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունը:

«Նա (խմբ.՝ Ադեյեմոն) հաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև շարունակական համագործակցությանը», - գրված է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը նաև ընդգծել է Միացյալ Նահանգների գլոբալ ջանքերը՝ կանխելու ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից և արտահանման հսկողությունից խուսափելու դեպքերը։

Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ փսխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։

«ԱՄՆ այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, հանդիպել է ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոյին:

Կողմերն ընդգծել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ առևտրի և ֆինանսական ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում