Քաղաքականություն

ԵՄ դիտորդներն Ադրբեջանի ագրեսիայի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներն արել են, զեկուցում են Բրյուսելին. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՄ դիտորդներն Ադրբեջանի ագրեսիայի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներն արել են, զեկուցում են Բրյուսելին. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 11-ին ադրբեջանական ուժերի հերթական սադրանքի պահին Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները տեղում չեն եղել, սակայն իրենց դիտարկումներն արել են, իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, զեկուցում են Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե արդյոք ապրիլի 11-ի Ադրբեջանի սադրիչ գործողությունները եղել են ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային խմբի տեսադաշտի ներքո, արդյոք նրանք ունեցել են հնարավորություն՝ արձանագրելու այս սադրանքները:

«Անշուշտ, երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը: Այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց՝ ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության վերաբերյալ: Նրանք նաև նշել են, որ իրենք այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են, իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում՝ ոչ հրապարակային»,-ասաց Միրզոյանը:

Հայկական կողմն առայժմ տեղեկություն չունի, թե ինչպիսին է այդ զեկույցը:

Աղաջանյանը հետաքրքրվեց, թե նմանատիպ սադրանքների պարագայում արագ արձագանքման որևէ հնարավորություն կա արդյոք ԵՄ-ի կողմից: Միրզոյանը պատասխանեց, որ, բնականաբար, այդպիսի իրավիճակներում Հայաստանն անմիջապես տեղեկացնում է բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ԵՄ-ին, ԵՄ անդամ երկրներին: Հայաստանը դրանով նաև ակնկալում ու հայցում է նրանց արագ արձագանքը: Նախորդ օրը ԱԳ նախարարությունը նաև հայտարարություն է տարածել, որի վերջին մասում կրկին իրավիճակի շուրջ հրավիրել է բոլոր գործընկերների ուշադրությունը և կոչ արել հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություները դատապարտող հասցեական հայտարարություններով ու հետագա էսկալացիան կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում