Podcast-Հարց բժշկին. Էնդոպրոթեզավորումը լիարժեք վերականգնում է բուժառուի շարժողականությունը,բայց պետք է զգոն լինել
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վնասվածքներից խուսափել ոչ միշտ է հաջողվում: Կան վնասվածքներ, որոնց դեպքում հնարավոր է վերականգնվել լիարժեք, սակայն կան վնասվածքներ և կոտրվածքներ, որոնք առանց բժշկական միջամտության և պրոթեզավորման հնարավոր չէ վերականգնել ու ապահովել բուժառուի լիարժեք շարժունակությունը:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում Իզմիրլյան բժշկական կենտրոնի «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի» բաժանմունքի վարիչ Սահակ Սարիբեկյանի հետ զրուցում անդրադարձել ենք վնասվածքներին, դրանց տեսակներին, ամենատարածված կոնք-ազդրային էնդոպրոթեզներին և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ու խորհուրդներին:
Մասնագետը նշեց, որ էնդոպրոթեզը, լինելով մեխանիկական հանգույց, ունի իր գործունեության ժամկետը: Ժամկետը միջինացված է՝ ելնելով էնդոպրոթեզի փորձարկումների և բուժառուների մոտ տեղադրված էնդոպրոթեզների գործունեության արդյունքներից:
«Կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորումը մեր երկրում բավականաչափ զարգացած ու պահանջված միջամտություն է: Ժամանակակից Էնդոպրոթեզների աշխատանքային ժամկետը 15-17 տարի է, սակայն դա խիստ կապված է կոնկրետ բուժառուի անհատական տվյալներից (քաշ, ոսկրի որակ): Կան միջինացված բարձր վստահություն վայելող ժամկետներ, բայց ցավոք, երաշխիք լինել չի կարող: Վիրահատությունից հետո 2-2.5 ամիս անց բուժառուն կարող է վերադառնալ իր առօրյա կյանքին»,-նշեց բժիշկ Սարիբեկյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք էնդոպրոթեզավորումից հետո հղիությունը վտանգավոր է, մասնագետը նշեց, որ էնդոպրոթեզավորումը առհասարակ հղիության հակացուցում չի հանդիսանում:
«Սակայն հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ՝ մարմնի քաշի ավելացում, մկանային և կապանային ապարատի թուլացում, կոնքի ոսկրերի դիրքի փոփոխություն, և ցավոք, այս ամենը կարող է բացասական ազդեցություն ունենալ տեղադրված էնդոպրոթեզի վրա: Այդ իսկ պատճառով ես խորհուրդ եմ տալիս՝ եթե հնարավոր է՝ պլանավորել հղիությունը մինչև էնդոպրոթեզավորումը, եթե ոչ՝ ապա հղիանալ միջամտությունից 18 ամիսից ոչ շուտ, վերահսկել քաշի ավելացումը և միանշանակ գտնվել օրթոպեդի հսկողության տակ. առաջին տարին՝ 3 ամիսը մեկ հաճախականությամբ, հետագա 2 տարվա ընթացքում՝ 6 ամիսը մեկ»-ասաց նա:
Բժիշկ Սարիբեկյանը վստահեցրեց, որ Էնդոպրոթեզավորումը բուժառուին տալիս է շարժումների և շարժողականության լիարժեք ամբողջականություն: Վիրահատված անձը կարող է վերադառնալ սովորական կենցաղի: Սակայն խորհուրդ են տալիս սահմանափակել ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, քանի որ դա բացասական է անդրադառնում էնդոպրոթեզի աշխատանքի տևողության վրա:
Հոդերը մարդու շարժունակության գլխավոր օգնականներից են, դրանց ախտահարումը կարող է էականորեն ազդել կյանքի որակի վրա: Այս խնդիրը հիմնականում ունենում են 50-60 տարեկան, ավելորդ քաշ ունեցող, ոտքի վրա շատ ժամանակ անցկացնող մարդիկ: Ի՞նչ հիվանդություններով են դրսևորվում հոդերի հետ կապված խնդիրները և բուժման ի՞նչ մեթոդներ է առաջարկում ժամանակակից բժշկությունը: Վնասվածքների ի՞նչ տեսակներ կան, ի՞նչ լուծումներ են առաջարկում և կարո՞ղ է օրգանիզմը էնդոպրոթեզը չընդունել և ի՞նչ հետևանքների սպասել:
Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Գայանե Գաբոյան