Հատուկ նախագծեր

Podcast. Ճրագալույցից Հարության տոն՝ Զատիկ. օրվա խորհուրդը

6 րոպեի ընթերցում

Podcast. Ճրագալույցից Հարության տոն՝ Զատիկ. օրվա խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ առաքելական եկեղեցին այս տարի ապրիլի 9-ին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից:

Տոնի նշանակությունը, ավանդույթները և օրվա հետ կապված անելիքները Արմենպրես Podcast-ի շրջանակում ներկայացրել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների ատենապետ Անի Թովմասյանը։ Զրույցը լսեք պոդքաստում։

Տոնի Քրիստոնեական խորհուրդը

Քրիստոսի խաչելությունից և մահից հետո նրա մարմինը իջեցնում և դնում են վիմափոր գերեզմանի մեջ, իսկ վրան փակում մեծ քարով: Երեք օր հետո գերեզմանին են այցելում յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, որպեսզի անուշաբույր յուղերով օծեն Քրիստոսի մարմինը, սակայն տեսնում են քարը հեռացված և գերեզմանը թափուր: Մինչ նրանք զարմացած և տարակուսած միմյանց են նայում, հայտնվում են հրեշտակները և ասում. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6)։ Հարության լուրը կանայք հայտնում են առաքյալներին, այնուհետև Հիսուս ինքն է հայտնվում առաքյալներին:

Քրիստոսի Հարությունը դառնում է քիստոնեական վարդապետության և հավատքի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Համաձայն Քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։

Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի, Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդ ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» (Ա Կորնթ. 5.7–8)[1]։

Հարության տոնը՝ Զատիկը, շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի օրը փոփոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի հաջորդող օրը, որը հանդիպում է մարտի 21-ից մինչև ապրիլի 25-ը ժամանակահատվածում։

Ծաղկազարդին հաջորդող մեծ պահքի վերջին շաբաթը, որն ավարտվում է Սբ. Հարության տոնով՝ Զատիկով, կոչվում է Ավագ շաբաթ։ Այս օրերին հիշատակվում է խորհրդավոր ընթրիքը, Քրիստոսի դատավարությունը, տանջանքները, խաչելությունը և թաղումը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի Սուրբ պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։ Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն՝ օրհնվում է աշխարհի չորս կողմը, ապա մատուցվում տոնական Ս.Պատարագ:

Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Հինանց շրջանն ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Սուրբ Զատկի ավանդույթները

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Զատիկը հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։

Քրիստոս Հարյավ ի մեռելոց,

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Տաթև Զաքարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում