Հասարակական

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնից, որտեղ Կիրակոսյանն աշխատել է երկար տարիներ՝ կերտելով բազմաթիվ դերեր:

Դերասանուհին մարտի 17-ին ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Լուսինե Կիրակոսյանը ծնվել է դեկտեմբերի 4-ին Լենինականում: Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում: Կիրակոսյանի տաղանդն ի հայտ է եկել դեռ մանուկ հասակից, երբ առաջին դասարանից սկսած բեմադրություններ է արել բակի երեխաների հետ։ 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։ Խաղացած ներկայացումներից են՝ Երվանդ Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս. Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժորա Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ. Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ. Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պերճ Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ. Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) և այլն։ Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984), «Ավտոբուս» (1988), «Լաբիրինթ» (1994), «Մեր բակը 1» (1996) ֆիլմերում։ Հեռուստադիտողի հիշողության մեջ միշտ մնացել և մնում է Լուսինե Կիրակոսյանի մարմնավորած Ռոզի կերպարը «Վերվարածները ընտանիքում» առաջին հայկական հեռուստասերիալից։ 2007 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, 2010 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար (Ցիանակալիում․․․ կաթով կամ առանց կաթի):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում