Պաշտոնական

ՀՀ նախագահը շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների դինամիկ զարգացումը:

«Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, նաև նախագահի նստավայրում: Այս առիթն օգտագործելով ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ակտիվ համագործակցության և աջակցության համար: Այս երեսուն տարիների ընթացքում հայ-շվեդական հարաբերություններն իրենց զարգացումն են ապրել, որոնք հիմնված են եղել հստակ սկզբունքների և արժեքների վրա, դրանք ժողովրդավարական ինստիտուտներն են, մարդու իրավունքները և, իհարկե, ազատությունների պահպանումը: Ես համոզված եմ, որ այսօրվա ձեր այցելությունն էլ կնպաստի և մեր երկրների հարաբերությունների զարգացմանը և իհարկե, դուք ևս մեկ անգամ հնարավորություն կունենաք շփվել երկրի ղեկավարության և ձեր գործընկերների հետ: Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանությունների ձգտումը մեկն է՝ խաղաղություն հաստատել տարածաշրջանում և բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ»,-ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Բյորն Սյոդերն իր խոսքում նշել է.«Շնորհակալություն ընդունելության համար, մեզ համար պատիվ է Ձեզ հանդիպել: Ինչպես գիտեք, մենք ներկայացնում ենք Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը, որը նախկինում համեմատաբար փոքրաթիվ էր: Խորհրդարանական ընտրություններից հետո մեր բարեկամական խումբը համալրվեց նոր անդամներով: Կարծում եմ սա վկայում է Շվեդիայում Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ հետաքրքրության աճի մասին: Անշուշտ, մենք նաև շատ ենք կարևորում միջխորհրդարանական համագործակցությունը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հայ-շվեդական փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, այնպես էլ Եվրամիության հարթակում երկու երկրների համագործակցության սերտացման ուղիներն ու հեռանկարները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին, շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ:

Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հեռանկարին Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման իր դիրքորոշմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում