Դեպի ֆիջիթալ իրականություն. ըստ Visa-ի՝ Հայաստանում 10 գործարքներից 8-ն անհպում են

15 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 5-ին Երևանում կայանալիք Doing Digital Forum-ը կմիավորի թվային փոխակերպման առաջատար փորձագետներին, ովքեր կքննարկեն ոլորտի վերջին միտումներն ու ապագա զարգացումները։ Ֆորումի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, իսկ համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը։ Ֆորումի հիմնական բանախոսն է Քրիս Սքիները՝ ֆինտեթի և թվային փոխակերպման միջազգային հանրահայտ փորձագետ: Որպես ֆինանսական ծառայությունների առաջատար ընկերություն՝ Visa-ն հանդիսանում է DDF-ի նորարարական գործընկերը: «Արմենպրես»-ը զրուցել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային ղեկավար Դիանա Կիգուրաձեի հետ աշխարհում թվային փոխակերպման օրակարգի, վճարումների և պլաստիկ քարտերի վերաբերյալ ընկերության տեսլականի և գալիք միջոցառման վերաբերյալ նրանց ակնկալիքների մասին:

Ինչու՞ է այսօր կարևոր առաջ մղել թվային փոխակերպման օրակարգն ամբողջ աշխարհում:

Թվային փոխակերպումն առաջընթացի շարժիչ ուժն է, բայցև պատասխանը բազմաթիվ մարտահրավերների, որոնց մենք այսօր բախվում ենք: Այն միավորում է աշխարհը, օգնում է ընկերություններին լինել ավելի արդյունավետ, իսկ կառավարություններին՝ բարելավել սեփական կատարողականը։ Այն նպաստում է ռեսուրսների խնայողությանն ու ապահովում տվյալներով, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Visa-ն ավելի քան 60 տարի խթանում է թվային վճարումներն ամբողջ աշխարհում՝ ստեղծելով տարբեր հնարավորություններ։ Էլեկտրոնային դրամն ու վճարումները անկանխիկ և թղթային տնտեսության կենսական բաղկացուցիչն են: Երբեմն մենք նույնիսկ ասում ենք, որ բոլորս ապրում և աշխատում ենք «ֆիջիթալ» (ֆիզիկական + թվային) աշխարհում: Հատկապես սա ճշմարիտ է երիտասարդ սերնդի համար, քանի որ նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչպիսին էր աշխարհը մինչև ինտերնետի, սմարթֆոնների ու հավելվածների հայտնագործումը:

Ինչ վերաբերում է թվային տեխնոլոգիաների արագընթաց ներդրմանը, ապա դրան նպաստեց նաև COVID-19 համավարակի բռնկումը՝ թվային փոխակերպումն օրակարգային դարձավ ամբողջ աշխարհում բոլոր ոլորտներում: Էլեկտրոնային հաղորդակցման գործիքների, առաքման ու անհպում վճարումների լուծումները դարձան բիզնեսի գոյատևման կարևոր նախապայմանը ճգնաժամի ընթացքում և օգնեցին մարդկանց մուտք ունենալ ծառայությունների և ապրանքների խիստ արգելափակումների ժամանակ: Եվ նույնիսկ հիմա, երբ երկրների մեծամասնությունն աստիճանաբար վերադառնում է սովորական գործունեությանն ու վերաբացվում են խանութներն ու գրասենյակները, հասարակությունը հակված է նոր թվային սովորություններին, որոնք ի հայտ են եկել արգելափակման ժամանակ: Այսպիսով` մենք խոսում ենք թվային էվոլյուցիայի մասին, որի պայմաններում յուրաքանչյուր նոր մարտահրավերի մենք հարմարվում ենք և ավելի ուժեղանում:

Ո՞րն է Visa-ի տեսլականը վճարումների ապագայի վերաբերյալ:

Անկանխիկը մեր ռազմավարական ուղղությունն է, և մենք ջանք չենք խնայում, որ այն ամեն օր հասանելի լինի բոլոր համար։ Ներկայում մենք տեսնում ենք որոշակի միտումներ, որոնք կարող են ձևավորել վճարումների ոլորտը առաջիկա տարիներին։ Նախևառաջ, ամբողջ աշխարհում վճարումները գնալով դառնում են անհպում։ Երկրորդը ներկառուցված ֆինանսների աճն է. նորարարությունների շնորհիվ երբեմնի բարդ և թանկ բանկային ենթակառուցվածքը դառնում է հեշտ ու հասանելի, ընկերություններն էլ, իրենց առաջարկների մեջ տարբեր ֆինանսական ծառայություններ և ապրանքներ ավելացնելով, բարելավում են հաճախորդների փորձառությունը: Խոսքը իրական ժամանակում հավելվածների և մեսենջերների միջոցով վճարումների, BNPL (Գնիր հիմա, վճարիր հետո) ապրանքների մասին է. Ինչպես նաև պարբերական վճարումների և բաժանորդագրությունների: Կարծում եմ՝ թվային և կրիպտո արժույթները ևս աճ կապրեն, իսկ բաց բանկային համակարգը կխթանի նորարարություններն ու փոփոխությունները բանկային և վճարումների ոլորտում:

Մենք նաև տեսնում ենք «սուպեր հավելվածների» աճի միտում։ Դրանք ունիվերսալ հարթակներ են, որտեղ սպառողները կարող են ստանալ բազմաթիվ ծառայություններ, կատարել գնումներ, շփվել և խաղալ՝ առանց հավելվածից դուրս գալու։

Որպեսզի բավարարենք հաճախորդների անընդհատ փոփոխվող կարիքները, մենք կշարունակենք զարգացնել Visa-ն՝ դառնալով ցանցերի տիրույթ և վճարումներ կատարելու և ստանալու լավագույն միջոց: Մեզ վստահում են ավելի քան 3 միլիարդ քարտապաններ, միլիոնավոր առևտրականներ, հազարավոր ֆինանսական հաստատություններ ամբողջ աշխարհում:

Քանի որ ամեն ինչ թվային և վիրտուալ է դառնում, ի՞նչ մտքեր ունեք պլաստիկ քարտերի ապագայի վերաբերյալ: Նրանց համար տեղ կա՞ ապագայում:

Թվայնացման գործընթացն այժմ ընթանում է ապշեցուցիչ արագությամբ, և փոփոխությունները, որոնք հինգ տարի էին տևում մեկ տասնամյակ առաջ, այժմ շատ ավելի արագ են կատարվում: Մենք ապրում ենք «ֆիջիթալի» դարաշրջանում, որտեղ տեխնոլոգիան օգտագործվում է թվային աշխարհը ֆիզիկական աշխարհի հետ կամրջելու և օգտագործողին յուրահատուկ ինտերակտիվ փորձ տրամադրելու համար: Visa-ն ձգտում է հաճախորդներին տրամադրել վճարման առավել հարմարավետ լուծումներ՝ անկախ նրանից՝ նրանք նախընտրում են պարզապես սեղմել քարտը, թե վճարել սմարթֆոնով կամ մեկ այլ գաջեթով:

Մենք կայուն ձևով աշխատում ենք Հայաստանում մեր գործընկեր բանկերի հետ ու տարեցտարի նկատում ենք պարզ և հարմար եղանակով վճարումներ կատարելու և ստանալու աճ։ Visa-ի տվյալներով՝ Հայաստանում իրականացված 10 գործարքներից 8-ն անհպում է։ Այս թվերը վկայում են երկրի անկանխիկ տնտեսության զարգացման աճի և այդ ուղղությամբ շարժվելու բնակչության պատրաստակամության մասին: Արդյունքում կանխիկի թվայնացումը Հայաստանում կարելի է համարել ընթացիկ կարևոր միտում: Մենք ակնկալում ենք, որ թվային տեղաշարժը կշարունակվի, էլեկտրոնային առևտուրն ավելի կընդլայնվի, ինչն էլ ի վերջո կարագացնի առցանց գործարքները։

Ուզում եմ շեշտել, որ թվային ապագան փոխկապված գործողությունների շղթա է. Visa-ն զարգացնում է տեխնոլոգիաները, ընկերությունները կիրառում են դրանք, ինչի միջոցով հաճախորդներին առավել որակյալ ու հասանելի ծառայություններ են մատուցվում։ Նման համատեղ ջանքերով մենք արագացնում ենք անկանխիկ տնտեսության առաջխաղացումը:

Եվ ես իսկապես հավատում եմ, որ շուտով պլաստիկ քարտերի կարիք չի լինի, քանի որ նույնիսկ այժմ քարտապաններն ավելի ու ավելի շատ են օգտագործում վիրտուալները՝ ավելացնելով դրանք թվային դրամապանակներում, որպեսզի կարողանան վճարել, օրինակ՝ Apple Pay-ի կամ G Pay-ի միջոցով:

Վերջին տարիների էլեկտրոնային առևտուրը մեծ թափ է ստանում հատկապես լոգիստիկ օպերատորների և առաքման ծառայությունների շնորհիվ։ Որքանո՞վ է հարմարավետ Visa-ն էլեկտրոնային առևտրում։

Visa-ն գլոբալ մակարդակով էլեկտրոնային առևտրի լայն հնարավորություն է տալիս: Մենք աշխատում ենք մեծածախ և մանրածախ առևտրականների, շուկաների, լոգիստիկ օպերատորների և բովանդակություն ստեղծողների հետ: Մենք նաև աջակցում ենք փոքր և միջին բիզնեսի թվայնացմանը, որպեսզի նրանք կարողանան օգտվել էլեկտրոնային առևտրից և թվային վճարումներից՝ ընդլայնելով վաճառքի ծավալներն ու աշխարհագրությունը: Փոքր և միջին բիզնեսի զարգացմանն աջակցելու նպատակով անցյալ տարի մեր գործընկեր բանկերի հետ միասին Հայաստանում ներդրեցինք Visa Tap to Phone տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս վճարումներ ընդունել Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներով կամ պլանշետով։ Մեր ցանկությունը մեկն է՝ մեր սպառողների և բիզնեսներ համար հասանելի դարձնել անվտանգ և հուսալի վճարումները։

Համավարակից հետո ի հայտ են եկել գնում կատարելու նոր սովորություններ, որոնք համատեղում են ֆիզիկականն ու վիրտուալը։ Շատ սպառողներ ընտրում են ապրանքը, հետո թերթում առցանց խանութների առաջարկները և համեմատում դրանք տարբեր առաջարկների հետ՝ օգտագործելով իրենց բջջային սարքը: Ավելին, բիզնեսները, որոնք ճկուն էին այնքան, որ յուրացնեն թվային հարթակների առանձնահատկությունները, աճեցին ու զարգացան՝ ի տարբերություն ավանդական մանրածախ առևտրականների, ովքեր սահմանափակ գիտելիքներ ունեին առցանց ռազմավարությունների վերաբերյալ և պայքարում էին գոյատևելու համար:

Տվյալների և վերլուծությունների հետ աշխատելու ձևն օգնում է մեր հաճախորդ-բանկերին և առևտրով զբաղվողներին իրականացնել անհատականացված մարքեթինգային քայլեր: Ուզում եմ շեշտել, որ մեր ռազմավարության մի մասն է նաև աջակցել փոքր տեղական ապրանքանիշերին՝ դրանք հաջողակ և հասանելի դարձնելով ավելի լայն լսարանի համար։ Էլեկտրոնային առևտուրն իսկապես օգնում է դրան: Մեր թիմն անցյալ տարի Հայաստանում մեկնարկեց նոր ծրագիր, մի հարթակ, որը տրամադրում է բացառիկ առաջարկներ գործընկեր ընկերություններից բոլոր Visa Premium քարտապանների համար, այդ թվում՝ Visa Gold, Visa Platinum, Visa Signature և Visa Infinite:

Հաշվի առնելով կիբերանվտանգության սպառնալիքների ռիսկը՝ ի՞նչ է անում Visa-ն վճարային համակարգերն առավել անվտանգ դարձնելու համար:

Քանի որ էլեկտրոնային առևտուրը կայծակնային աճ է գրանցում, թվային տիրույթում խարդախությունները ևս մեծ թափ են հավաքում: Որպես վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար՝ Visa-ն ստանձնեց փողի թվային շարժը պաշտպանելու առաքելությունը: Մենք մշակել ենք Visa Secure ծրագիրը, որն ապահովում է Visa քարտապանի առցանց վճարումները: Մենք նաև ակտիվորեն կիրառում ենք թոքենիզացիայի տեխնոլոգիա Visa Token ծառայությունը՝ որպես խարդախության դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքներից մեկը: Թոքենիզացիան թույլ է տալիս պաշտպանել գաղտնի տեղեկատվությունը, ինչպիսին է 16 նիշանոց հաշվի համարը՝ այն փոխարինելով եզակի թվային նշանով: Այնուամենայնիվ, կարևոր է նաև հիշել, որ խարդախների դեմ պաշտպանության առաջին գիծը կրթված քաղաքացին է, ով գիտի ինչպես պաշտպանվել առցանց սպառնալիքներից:

Քանի որ Visa-ի տեսլականն է՝ լինել վճարումներ կատարելու և ստանալու բոլորի համար հասանելի լուծումը, դա մեզ համար հսկայական պատասխանատվություն է, որը մենք կյանքի ենք կոչում ռազմավարական տարբեր հիմնասյուների միջոցով: Դրանցից մեկը էլեկտրոնային առևտրի և լուծումների մշակումն է՝ մեր հաճախորդներին առցանց գնումներ կատարելիս պաշտպանելու համար: Մենք ամբողջ աշխարհում խոշոր ներդրումներ ենք կատարել խարդախության կանխարգելման և կիբերանվտանգության ոլորտում՝ վերջին հինգ տարիներին հատկացնելով 9 միլիարդ դոլար։

Ավելին, մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի Կենտրոնական բանկի հետ՝ բարձրացնելու մեր սպառողների ֆինանսական իրազեկությունը և սովորեցնելու նրանց, թե ինչպես խուսափել և բացահայտել խարդախությունները։ Կցանկանայի շեշտել վճարումների անվտանգության վերաբերյալ վերջին արշավը, որն անցկացրել ենք ԿԲ-ի հետ:

Ինչպե՞ս է Visa-ն համագործակցում կարգավորող մարմինների և քաղաքականություն մշակողների հետ՝ թվային վճարային համակարգերի և ֆինանսական տեխնոլոգիաների ապագան հարթելու տեսանկյունից:

Visa-ն սերտորեն համագործակցում է կառավարությունների հետ՝ ուղղված տնտեսությունների թվայնացմանը։ Մենք արագորեն փոփոխությունները հարմարեցնում ենք մեզ. օրինակ, երբ ֆիզիկական հպումից խուսափելը դարձավ հիվանդության տարածումը դադարեցնելու միջոց, մենք համագործակցեցինք աշխարհի ավելի քան 50 երկրների պետական կարգավորող մարմինների հետ, որպեսզի վերացնենք անհպում գործարքների սահմանափակումներն ու հնարավորություն տանք մեր հաճախորդներին ազատորեն օգտվել անվտանգ վճարման եղանակից։

Մենք կիսվում ենք թվային առևտրի միտումների վերաբերյալ մեր հետազոտական արդյունքներով, որպեսզի նպաստենք հանրային ռազմավարությունների ձևավորմանն ու փաստարկված որոշումների կայացմանը։ Մենք խորհրդատվություն ենք տրամադրում վճարային համակարգի վրա ազդող օրենսդրության վերաբերյալ և ներդնում ենք անվտանգության ամենախիստ ստանդարտներն ու հաճախորդների նույնականացման տեխնոլոգիաները՝ ազգային կամ միջազգային օրենսդրությանը համապատասխան։ Ցանկանում եմ կարևորել Վրաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության հետ համագործակցությունը, որն ուղղված է թվային փոխակերպման գործընթացի առաջխաղացմանը, փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը և նրանց գործունեության թվայնացմանը, ֆինանսական էկոհամակարգի բարելավմանը, թվային հնարավորությունների և քաղաքացիների հասանելիության ընդլայնմանը։

Մենք մեր գիտելիքը, փորձառությունն ու տեխնոլոգիաներն ենք ներդնում թվային վճարումներն ակտիվացնելու և դրանք բոլորին հասանելի դարձնելու ուղղությամբ։ Կարծում եմ՝ կառավարությունների ու կարգավորողների հետ մենք միշտ նույն նպատակն ենք հետապնդում՝ կառուցել ուժեղ և ներառական անկանխիկ տնտեսություն:

Որպես նորարար գործընկեր՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք Doing Digital Forum-ից։

Visa-ն խթանում է նորարարություններն ամբողջ աշխարհում և թվային ապագան այն է, ինչին մենք հավատում ենք և որի մեջ ներդրում ենք կատարում: Doing Digital Forum-ի հետ համագործակցությունը հենց այս նպատակին է ծառայում: Մենք ակնկալում ենք, որ այս միջոցառումը բազմաթիվ նոր գաղափարներ կգեներացնի ու կարևոր փորձ կլինի տեղական մակարդակում՝ խթանելու թվային փոխակերպման գործընթացը Հայաստանում: Բացի այդ, նման հարթակ ունենալը ամրապնդում է գործընկերային հարաբերությունները և հեշտացնում նոր համագործակցությունների հաստատումը: Մենք հավատում ենք, որ մեր դերը, որպես միջազգային ընկերություն, տեխնոլոգիական, բիզնեսի և ֆինանսական էկոհամակարգերի աճի խթանումն է և մեր գործընկերների հետ հիանալի ապագա կառուցելը։

Հայերեն English

Նավթի գներ - 31/01/25

Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը