Մշակույթ

Սիրել առանց որևէ կաղապարի. «Չաո» ներկայացումը նոր ու վառ գույներով վերադարձավ Դրամատիկական թատրոնի բեմ

7 րոպեի ընթերցում

Սիրել առանց որևէ կաղապարի. «Չաո» ներկայացումը նոր ու վառ գույներով վերադարձավ Դրամատիկական թատրոնի բեմ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան քսան տարի առաջ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Չաո» ներկայացումը: Այն սիրվել է և միշտ անցել լեփ-լեցուն դահլիճներում: Ներկայացման գլխավոր հերոսներին մարմնավորել են տարբեր դերասաններ, որոնցից յուրաքանչյուրն իր գույնն ու երանգն է հաղորդել կերպարներին՝ նրանց հնարավորություն տալով երկար ապրել:

Մի քանի տարվա դադարից հետո Մարկ Սովաժոնի պիեսը թատրոն է վերադարձել նոր ոգով ու շնչով, նոր բեմադրական ու երաժշտական լուծումներով, նոր դերասանական կազմով, սակայն ասելիքը մնացել է նույնը:

«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը ներկա են եղել բեմադրության առաջնախաղին և գլխավոր հերոսների դերակատարների հետ զրույցի ու լուսանկարների միջոցով փորձել են ընթերցողներին փոխանցել այն, ինչ տեսել ու լսել են:

Ներկայացման գլխավոր հերոսներից մեկը՝ Վենսանը, երիտասարդ ու խենթ երաժիշտ է, որը կարծում է՝ կյանքում որևէ բանի հասնելու համար պարտադիր չէ չափազանց մեծահոգի, բարի լինել, չափազանց նվիրվել որևէ աշխատավայրի և սեփական անձը զոհաբերել հանուն այլ մարդու:

Վենսանին մարմնավորում է երգիչ, դերասան Ներսես Ավետիսյանը: Նա առաջին անգամ է համագործակցում Երևանի դրամատիկական թատրոնի հետ: «Մեծ պատասխանատվությամբ եմ եկել այստեղ, մտորումներով, որ նոր եմ ու պետք է կարողանամ արագ ընտելանալ թիմին: Այն բոլոր մտքերը, որոնք ծնվում են յուրաքանչյուր մարդու գլխում նոր միջավայրում հայտնվելիս, ինձ ևս այցելել են, սակայն այդ ամենը շատ արագ անցավ, քանի որ ինձ գրկաբաց ընդունեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլորին»,-ասում է նա:

TAT_6829.JPG (407 KB)

Ավետիսյանի խաղընկերներն են ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Հարությունյանը, որը նաև ներկայացման ռեժիսորն է և տարիներ առաջ մարմնավորել է հենց Վենսանին, իսկ այժմ՝ նրա հոր ղեկավարին, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Լիզա Բարսեղյանը, Դիանա Մալենկոն և այլք:

Դերասանի խոսքով՝ նրանց հետ հանդես գալն ավելի է մեծացնում պատասխանատվությունը, և վաստակավոր արտիստներն օգնել են Ավետիսյանին, քանի որ ընթերցումների, փորձերի ընթացքում նա գտել է հետաքրքիր նյուանսներ և սպունգի պես քաշել այդ ամենը, սովորել:

Դերասանը խոստովանում է՝ չի դիտել «Չաո»-ն, քանի որ մտածել է՝ գուցե նախորդ դերակատարներից որոշ բաներ «գողանա»: «Այս ստեղծագործությունը խոսում է հարատև հարցերի մասին: Այստեղ կան մարդկային փոխհարաբերություններ, սեր, հոր և որդու միջև անհամաձայնություններ, որոնք մշտական են: Այդ ամենն արդիական է եղել ինչպես 20-րդ դարում, այնպես էլ վաղը կլինի: Հենց այդ պատճառով հանդիսատեսի հետ նույնականացումը շատ արագ տեղի կունենա, և մարդիկ իրենց կգտնեն այս պատմության մեջ»,-նշում է նա:

Ըստ Ավետիսյանի՝ ամենակարևոր բանը, որ պետք է երիտասարդներին փոխանցի պիեսը, սիրո մեջ կաղապարված չլինելն է:

Ներկայացումը գրավում է ոչ միայն ասելիքով, դերասանական վառ խաղով, այլև երաժշտական, պարային համարներով: Հնչում են ժամանակակից փոփ երաժշտություն, դասական գործեր, ինչի շնորհիվ իրենց լավ են զգում դահլիճում ներկա տարբեր սերունդների ներկայացուցիչները:

Ներկայացումն սկսվում է Ներսես Ավետիսյանի «Սերը կգա» երգով, որի հեղինակը Հայկոն է: Հրաչյա Հարությունյանն է առաջարկել, որ այն տեղ գտնի բեմադրության մեջ: «Չգիտեմ, թե մարդիկ ինչպես կարձագանքեն, քանի որ բեմում Վենսանն է, բայց լսում են Ներսեսի երգը: Կարծում եմ՝ հետաքրքիր բան ենք ստացել»,-հույս է հայտնում դերասանը, որը հենց ներկայացման առաջնախաղին տոնում էր ծննդյան 26-ամյակը:

Վենսանի սիրած աղջկան՝ Սոֆիին, մարմնավորում է դերասանուհի, հաղորդավար Դիանա Մալենկոն: Սոֆին գեղեցիկ է, հարուստ, ռոմանտիկ և ինքնասածի: Նա ցանկանում է ինքնուրույն ընտրություն կատարել՝ չենթարկվելով ընդունված օրենքներին:

Մալենկոն մեկ անգամ դիտել է «Չաո»-ի վիդեոտարբերակը: Կարծում է՝ շատ լավ ներկայացում է, սակայն այն տվյալ ժամանակին է համահունչ: «Մենք նոր ներկայացում ենք բեմադրել, նոր ասելիքով, նոր ձևով, ժամանակի ռիթմով: Պիեսը նույնն է, սակայն առավել ընդգծված են այն թեմաները, որոնք այսօր են հետաքրքիր»,-հավաստիացնում է նա:

TAT_6854.JPG (587 KB)

Մալենկոյի համար շատ պարտավորեցնող է Սոֆիին կերտելը: «Չաո»-ն առաջին անգամ բեմադրվել է 25 տարի առաջ, և Դիանա Մալենկոն Սոֆիի վեց կամ յոթերորդ դերակատարն է: Ասում է՝ կանի հնարավորը, որ այն հանդիսատեսը, որը դիտել է նախորդ ներկայացումները, չասի, թե այն Սոֆին ավելի լավն էր:

«Մեր ներկայացումը սիրո պտուղ է, սիրո արդյունք է, և մենք փորձելու ենք սեր փոխանցել հանդիսատեսին: Խոսքը մաքուր սիրո մասին է, սեր, որը հաղթահարում է ամեն ինչ երջանիկ ավարտ ունենալու համար: Մեր հերոսներն ընտրում են սերը: Ես ևս փորձում եմ կյանքում այդպես անել»,-նշում է դերասանուհին:

Դիանա Մալենկոյի խաղը դիտելիս չես մտածում, որ որևէ խնդրի առաջ է կանգնել կերպարը կերտելիս, սակայն նա խոստովանում է՝ դժվարությամբ է գտել Սոֆիի յուրահատկությունը: «Սկզբում նա ինձ համար աղջիկ էր, որն ինչ-որ տեքստեր էր ասում, բայց Սոֆիի բնավորությունը, կայտառությունը, մաքրությունը դժվար էր տրվում, սակայն, երբ իջանք բեմ, այնտեղ ասես դուռ բացվեց, չգիտեմ, թե որտեղից այդ բանալին գտա: Ինչպե՞ս է ստացվել, չեմ կարող ասել, բայց Սոֆին կլինի բեմում»,-եզրափակում է դերասանուհին:

Հանդիսատեսը «Չաո»սիրային կատակերգությունը կարող է դիտել մարտի 30-31-ին:

Սիրո մասին այնքան ասվել, գրվել և երգվել է…Այս պատմության սյուժեն հավերժ է, ինչպես աշխարհը։ Այն երիտասարդների մասին է, որոնք իրենց առաջին քայլերն են անում մեծահասակների աշխարհ։ Սիրո և սեփական ես-ի փնտրտուքներ, սերունդների միջև հավերժական խնդիրներ՝ տարաձայնություններ, միմյանց հասկանալու ջանքեր, ոչ միշտ պարզ փոխհարաբերություններ։ Եվ ինչպես բոլոր ժամանակներում և երկներում երիտասարդ հերոսները կրկին ստիպված են ընտրություն կատարել և ո՞ւմ կամ ե՞րբ ասել. «Ես քեզ սիրում եմ»:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում