Քաղաքականություն

Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ի պատասխան Ադրբեջանի ստահոդ հայտարարությունների՝ վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի: Այս փաստը ստուգելու համար ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկն Ադրբեջանն ինքն է մերժել 2022 թ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը:

«Բայց այդ առաջարկն ուժի մեջ է, և կարծում եմ՝ միջազգային մակարդակում այս հարցը վերջնականապես պարզաբանելու կարիք կա: Եվ դրա միջոցը Լաչինի միջանցք և ԼՂ փաստահավաք խումբ գործուղելն է: Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղում գործում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, հանրահայտ փաստ է: Այդ բանակի գոյությունն ու գործունությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում: Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավել, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էներագամատակարարումը դադարեցված է, Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներն ու գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից: Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց հետևողականորեն շարունակել միջազգային հանրությանն այս մասին իրազեկել և աշխատել միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում