Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ վերացնելու Ադրբեջանի կողմից հերթական խախտման հետևանքները․ Արցախի ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ վերացնելու Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության դրույթների հերթական խախտման հետևանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:

Նման գործողություններով Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը մայրաքաղաք Ստեփանակերտի և հանրապետության Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև։ Միաժամանակ, ադրբեջանական կողմը փորձում է իրականության հետ որևէ առնչություն չունեցող և շինծու հայտարարություններով արդարացնել իր իսկ անօրինական գործողություններն ու սադրանքները։

Արցախի շուրջ օղակը սեղմելու Ադրբեջանի գործողությունները ցինիկ պատասխան են Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, և մարտահրավեր՝ միջազգային իրավակարգին։

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ վերացնելու Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հերթական խախտման հետևանքները, ինչպես նաև կանխարգելելու նոր հնարավոր խախտումները:

Նման պայմաններում հրամայական է միջազգային հանրության կողմից միասնական կոշտ դիրքորոշման որդեգրումը՝ ստիպելու Ադրբեջանին վերադառնալ իրավական դաշտ և կատարել իր միջազգային պարտավորությունները։

Միջազգային հանրությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբիցհայտնելէին, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

Այնուհետև հայտարարվել էր, որ ՌԴ խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն, միևնույն ժամանակ խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք

Հայերեն Русский

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել