Հասարակական

Քննարկվել են հաշմանդամի անձնական օգնականի ծառայության պիլոտային ծրագրի մանրամասները

3 րոպեի ընթերցում

Քննարկվել են հաշմանդամի անձնական օգնականի ծառայության պիլոտային ծրագրի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հյուրընկալմամբ՝ տեղի է ունեցել հանդիպում, որի շրջանակում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձի անձնական օգնականի ծառայության պիլոտային ծրագրի մանրամասները։ Միջոցառմանը մասնակցել են գործադիր և օրենսդիր մարմինների, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է անձնական օգնականի ծառայության ծրագրի իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է նմանօրինակ հանդիպումների անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն մանրամասն քննարկել նախատեսվող փոփոխությունները, այլև բարձրաձայնել առկա խնդիրներն ու հընթացս անհրաժեշտ լուծումներ տալ։

«Անձնական օգնականի ծառայությունն ուղղված է հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց միջավայրային արգելքների հաղթահարմանը։ Պիլոտային ծրագիրը ևս հնարավորություն կտա գույքագրել խնդիրները և 2024 թվականին ծրագրի ամբողջական մեկնարկն իրականացնել արդյունավետորեն»,- նշել է նախարարի տեղակալը։

«ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել է անձնական օգնականի ծառայության ներդրման իրավական հիմքերը, շահառուների և տրամադրվող ծառայությունների շրջանակը, ծրագրի առավելությունները և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերն ու հանդես եկել առաջարկներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում