Քաղաքականություն

Ադրբեջանում փորձում են հերքել անհերքելին․ այդ երկրի դեսպանը Նիդերլանդների ԱԳՆ կանչվել է

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանում փորձում են հերքել անհերքելին․ այդ երկրի դեսպանը  Նիդերլանդների ԱԳՆ կանչվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական կեղծիքն է տարածել՝ փորձելով մոլորեցնել ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե կեղծ է հայկական լրատվամիջոցների տարածած լուրը, որ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ «այդ լուրը հայկական լրատվամիջոցների տարածած հերթական կեղծիքն է և չի համապատասխանում իրականությանը»։ «Դեսպանը Նիդերլանդների ԱԳՆ չի կանչվել։ Դեսպանի վերջին հանդիպումն արտաքին գործերի նախարարությունում կայացել է մարտի 15-ին՝ նրա նախաձեռնությամբ»,- ասել է Հաջիզադեն։

Ադրբեջանում հավանաբար մոռացել են, որ կան բաց և հրապարակային պաշտոնական աղբյուրներ, որտեղ կարելի է ստուգել ցանկացած տեղեկատվություն։ Նիդերլանդների կառավարության կայքում հրապարակված է այդ երկրի արտաքին գործերի նախարար Վոբկե Հոկստրայի գրավոր պատասխանները խորհրդարանականների հարցերին․ պատգամավորների հարցերից մեկին ի պատասխան Հոկստրան նշել է, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Նիդերլանդների ԱԳՆ։

Նիդերլանդների խորհրդարանում նախարարի հետ հարցուպատասխանը վերաբերել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելուն։ Նախարարին հարցրել են՝ արդյոք մտադիր է Դատարանի կայացրած որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու վերաբերյալ դիմել Ադրբեջանի դեսպանին, ինչին ի պատասխան՝ Հոկստրան նշել է․

«Այո, ինչպես նախկինում ասվել է, փետրվարի 28-ին Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն այդ հարցով քննարկման համար, որպեսզի կատարվի ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը։ Խոսակցության ընթացքում Նիդերլանդներն Ադրբեջանին կոչ է արել ենթարկվել միջազգային դատարանի որոշմանը։ Այդ խոսակցության ընթացքում բարձրացվել է նաև հարցը, որ որոշման վերաբերյալ Ադրբեջանի տված սահմանափակ բացատրությունները Նիդերլանդները չի կիսում, և Դատարանի որոշումն ամբողջությամբ պետք է կատարվի»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում