Քաղաքականություն

ԱԺ-ն չի դիմի ՍԴ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն չի դիմի ՍԴ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը չընդունեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ որոշման նախագծի քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել: 30 կողմ ձայնը բավարար չէ, որպեսզի որոշումն ընդունված համարվի։

Որոշման նախագծով «Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ Սեդա Սաֆարյանը, ԱԺ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր, դեկտեմբերի 16-ից պաշտոնը ստանձնելով, պահպանել է իր անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը մինչև 2023 թվականին հունվարի 27-ը: Մինչդեռ օրենքի պահանջի համաձայն՝ իր ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ իր այդ կարգավիճակը: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտնել էր, որ Սեդա Սաֆարյանը պետությանը՝ հանձին ՊԵԿ-ի, ծանուցել է որպես անհատ ձեռնարկատեր և հարկ վճարվող իր գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու մասին:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավոր գործուղման էին, մնացած ներկաները մասնակցել են քվեարկությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում