Մշակույթ

Կամք, որը կբերի հաղթանակի. Երևանի տիկնիկային թատրոնի խաղացանկը հարստացել է «Սյունեցի Գոռը» նորարարական մոտեցումներով ներկայացմամբ

5 րոպեի ընթերցում

Կամք, որը կբերի հաղթանակի. Երևանի տիկնիկային թատրոնի խաղացանկը հարստացել է «Սյունեցի Գոռը» նորարարական մոտեցումներով ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ միայն ուժի, համարձակության, այլև մտքի պայծառության շնորհիվ է հնարավոր հաղթել թշնամուն՝ ազատություն պարգևելով մի ամբողջ ժողովրդի:

Հենց այս սկզբունքով է առաջնորդվում «Սյունեցի Գոռը» ներկայացման գլխավոր հերոսն ու չի վախենում շախմատ խաղալ հակառակորդ երկրի արքայի հետ, որին ծնկի է բերում:

t2.jpg (363 KB)

Ժամանակակից գրող Գեորգի Հարությունյանի «Սյունեցի Գոռը» ստեղծագործության համանուն ներկայացումն օրերս է համալրել Երևանի տիկնիկային թատրոնի խաղացանկը: Այն գունեղ է, հարուստ է վառ կերպարներով, ունի հստակ ասելիք և աչքի է ընկնում դերասաններից բարձրահասակ տիկնիկներով:

t5.jpg (453 KB)

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասում է՝ «Սյունեցի Գոռը» շատ յուրահատուկ հեքիաթ է: «Այն ասես գնում է խորը պատմություն՝ Հայաստան, Ասորեստան, բայց այս ամենում կա նաև շախմատ խաղը: Երիտասարդ Գոռը ցույց է տալիս, որ թշնամուն կարելի է հաղթել նաև խելքով, ուղեղով»,-նշում է Բաբայանն ու կարևորում ներկայացման ձևը՝ մեծ տիկնիկներ, որոնց երկու, երեք դերասան է խաղացնում:

t3.jpg (434 KB)

Նա հույս ունի՝ ներկայացումն իր ուրույն տեղը կզբաղեցնի թատրոնի խաղացանկում, երեխաներն այն հաճույքով կդիտեն, ինչ-որ չափով կծանոթանան պատմությանն ու ինչ-որ չափով հետաքրքրություն կառաջանա շախմատ խաղի հանդեպ:

Ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն առաջին անգամ չէ հայ հեղինակի անդրադառնում: Ամիսներ առաջ փոքրիկների դատին է հանձնել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթների հիման վրա բեմադրված «Դետեկտիվ Ալենը» ներկայացումը:

t4.jpg (395 KB)

Նրա խոսքով՝ թե՛ «Սյունեցի Գոռը», թե՛ «Դետեկտիվ Ալենը» ստեղծագործությունները հարուստ են գործողություններով, ինչը պակասում է մեր մանկական գրականությանը, որում գերակշռում է փիլիսոփայությունը:

«Վերցված են պատմական սյուժե և շախմատ խաղի թեման, որը շատ կարևոր է: Այնքան լավ ասելիք ունի. հաղթանակները տրվում են, երբ միտքդ է զարգանում, իսկ շախմատն ամենաստրատեգիական, մարդուն մտածել սովորեցնող, միստիկ խաղն է: Երեխաները ուշադրությամբ են հետևում ներկայացմանն ու գլխավոր հերոսների հետ անցնում են ամբողջ ճանապարհը»,-նշում է Մովսեսյանը:

t6.jpg (352 KB)

Ներկայացման ժամանակ փոքրիկ հանդիսատեսը բավականին ակտիվ է. երբ շախմատային պարտիան է ընթանում, նրանցից շատերը փորձում են գուշակել, թե ինչ քայլեր կանեն հերոսները, երբեմն էլ փորձում են հուշումներով օգնել նրանց: Իսկ թե ովքեր են Գոռի ընկերները՝ բացահայտում է ռեժիսորը:

«Սյունեցի Գոռի ընկերներն են Աստղիկը, իմաստունը, որը նրան կսովորեցնի շախմատ խաղալ, և դեռ շատերը կհայտնվեն ներկայացման մեջ»,-եզրափակում է նա:

t8.jpg (411 KB)

Գոռի կերպարը կերտել է երիտասարդ դերասան Յուրա Կիրակոսյանը: Նա կարծում է՝ Գոռը ներկայացման սկզբում այնքան էլ համբերատար չէ, քանի որ ձգտում է ամեն կերպ դրսևորել իր հայրենասիրությունն ու շտապում է օգտակար լինել իր ժողովրդին:

«Երեխաներին ուղղվում է այն, որ կրթությունը, միտքն ու խաղաղ պայմաններում այդպես պայքարելն ավելի շահեկան են: Եվ դա ավելի լավ է, քան պատերազմում, ռազմի դաշտում: Իմ հերոսն ասում է, որ շախմատ թագավորներն ու իմաստուններն են խաղում: Այն շատ փիլիսոփայական խաղ է, ճկուն է դարձնում միտքն ու ցանկացած պարագայում կարող է օգնել մարդուն»,-ընդգծում է նա:

t9.jpg (518 KB)

Դերասանի համոզմամբ՝ անգամ այն երեխաները, որոնք չեն սիրում շախմատը, ներկայացումը դիտելուց հետո անպայման կցանկանան սովորել այդ խաղը:

Անդրադառնալով երեխայի կերպար կերտելու բարդություններին՝ 26-ամյա Յուրան խոստովանում է՝ բավականին դժվար աշխատանք է:

t1.jpg (458 KB)

«Պետք է ինքդ քեզ համոզես, որ շատ բան չգիտես: Դժվար էր, բայց ստացվեց: Հանդիսատեսի արձագանքը շատ ոգևորիչ է ու անսպասելի: Մենք փորձերին չգիտենք, թե նա երբ կարձագանքի, ամեն հանդիսատես տարբեր է, և ամեն անգամ կարող է տարբեր պահերի արձագանքել»,-հավաստիացնում է Կիրակոսյանը:

t7.jpg (345 KB)

Առաջիկայում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը կրող թատրոնում կբեմադրվեն «Ճանապարհային արկածներ», «Ոսկե ձկնիկը» և այլ ներկայացումներ:

Նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում