Ստարտափներից մինչև տեխնոկրթություն ու գիտություն, իսկ Հայաստանը՝ Մարսի հետազոտությունների կենտրոն. «ԴիջիԹեք 22»-ն արդեն պատմություն է
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ու առաջատար ընկերություններին մեկ հարթակի տակ էր համախմբել տարվա հաշվետու միջոցառումը։ 17-րդ Դիջիթեքին մասնակցում էր ավելի քան 120 ընկերություն, 30 խոսնակ 9 երկրից և 2000 գրանցված այցելու։ Այս տարվա տեխնոցուցահանդեսը ամենամեծն էր իր պատմության մեջ՝ 2000 քառակուսի մետր տարածքով։ Միաժամանակյա համաժողովներ ու պանելային քննարկումներ, հստակ գոտիներ՝ բուն ցուցահանդեսի տարածք, ստարտափներ, կրթական կազմակերպություններ և նախագծեր, կանաչ տեխնոլոգիական գոտի, հովանավորների հատված։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառմանը մասնակցում էին ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ընկերություններ տարբեր երկրներից՝ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից։ Ինչպե՞ս կհիշվի DigiTec22-ը, որո՞նք էին ամենահետաքրքիր իրադարձություններն ու ի՞նչ սպասել տեխնոիրադարձության ավարտից հետո:
Համաժողովի ընթացքում պանելային քննարկումներում հանդես եկան ամենատարբեր երկրների ներկայացուցիչներ՝ քննարկելով իրենց երկրի փորձը և համադրելով դրանք Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում կիրառելիության հետ:
Հայաստանում խնդիրներից ու դրանց լուծման պլաններից խոսեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով մի շարք ծրագրերի մասին, որոնք առաջիկայում պետք է առավելագույնս «digi» դարձնեն թե՛ պետական, թե՛ մասնավոր ընկերությունները, իսկ Երևանն էլ՝ տարածաշրջանի կամ աշխարհի գլխավոր տեխնոլոգիական կենտրոններից մեկը:
«ԴիջիԹեք22»-ին ներկայացված էին ամենահետաքրքիր նոր ստարտափներն ու արդեն իսկ հայտնի բիզնեսներ՝ ֆինանսաբանկային ոլորտից մինչև կրիպտո, ռեստորանային լուծումներից մինչև հաստոցաշինություն, AI նկարչությունից մինչև հակակարկտային համակարգեր:
Առանձին տաղավարով ներկայացված էր կանաչ էներգիայի ոլորտում տվյալների կառավարմամբ զբաղվող ZEVIT ընկերությունը: Ընկերությունը հիմնականում աշխատում է քամու էներգիայի ոլորտի ընկերությունների հետ: Նպատակ ունեն կանաչ էներգիան դարձնել ավելի մատչելի:
Sceyt ընկերության հիմնադիր Արամ Մանուկյանն էլ նշեց, որ 2020 թվականին հիմնադրած ընկերությունը զբաղվում է հաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելով: Ընկերությունը հնարավորություն է տալիս գոյություն ունեցող հավելվածներում րոպեների ընթացքում ինտեգրել բազմաֆունկցիոնալ չատ, որը թույլ կտա փոխանակել տվյալ հավելվածի օգտատերերի միջև հաղորդագրություններ, աուդիո, վիդեո ֆայլեր:
«Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը ցուցահանդեսին ներկայացրեց 5R (վերացում, վերօգտագործում, վերամշակում, վերականգնում, վերջնական թափոնների կառավարում) հայեցակարգով արտահայտված թափոնների կանխարգելման և կառավարման սկզբունքները:
Իսկ 2024-ին Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն։ Հայաստան կժամանեն տիեզրագնացներ Գերմանիայից, Ավստրիայից, Իսրայելից, Իտալայից և Մեծ Բրիտանիայից։ Կանցկացվեն տիեզերական փորձարկումներ՝ նախապատրաստելով Մարսի հետազոտական առաքելություններին։
«ԴիջիԹեք»-ին նաև առաջին անգամ ներկայացավ «AMADEE-24»՝ Ավստրիական տիեզերական ֆորումը Հայաստանում ներկայացնող կազմակերպչական թիմը։ Ըստ կազմակերպիչների՝ ֆորումը 2024-ին կներկայանա «Գառնիից (ՀՀ) Գառնի (Մարս)» խորագրով։ Դեպի Մարս թռիչքի AMADEE-24 անալոգի մոդելավորումը գիտահետազոտական նպատակներով է։ Այս թռիչքի փորձարկումները տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ: Առաքելությունն իրագործելու համար ընտրվում է երկիր, որտեղ ենթադրյալ վեց տիեզերագնացի անձնակազմը մասնակցում է դեպի Մարս թռիչքի և վերջինիս վրա վայրէջքի փորձարկմանը:
Նորություններ ուներ նաև Հայաստանում ամենաստեղծարար տեխնոլոգիական կենտրոնը։ Եվրամիության հետ համատեղ ԹՈՒՄՈ-ն կկառուցի ինժեներական և կիրառական գիտելիքների համալիր։
Տաղավարով ներկայացված էր նաև Օհանյան կրթահամալիրը, որտեղ բացի հիմնական դպրոցական առարկաներից, դասավանդվում է նաև ռոբոտաշինություն և ինժեներիա առարկաները, որի շրջանակում երեխաները հավաքում և ծրագրավորում են ռոբոտներ:
Ծրագրի գլխավոր մաս էր կազմում ռոբոտաշինությունը և ավտոմատացումը։ Ներկայացված էին Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի բազմաթիվ նախագծեր․ դրոններից մինչև ռոբոտներ ու սեյսմակայուն շենքի և ամրակայուն կամրջի նախագիծ։
«Մեր սեյսմակայուն շենքը երկրաշարժի ժամանակ չի փլուզվի։ Երրորդ հարկը կառուցված է մնացած հարկերին հակառակ, որն էլ ապահովում է շենքի սեյսմակայունությունը։ Նախագիծը կազմել ենք 3 օրում, փորձարկումներ ևս անցել է»,- ներկայացրին նախագծի հեղինակ Կարինե Ղազարյանն ու Ռիտա Ամիրյանը։
«ԴիջիԹեք»-ում էր ներկայացված նաև Արմաթի առաջին «շրջանավարտ-ստարտափը»՝ Նոյեմբերյան քաղաքում ստեղծված ProtoLab-ը, որը 3D մոդելավորմամբ և տպագրությամբ զբաղվող տեխնոինժեներական աշխատանոց է:
«Մենք ընկերություններին առաջարկում ենք իրենց անհատական, յուրօրինակ գրասենյակային պարագաները: Այն, ինչ մարդիկ երևակայում են, մենք այդ ամենը կարող ենք իրագրոծել: Այս ամենից զատ, նաև աշխատում ենք առանձին ստարտափ պրոդուկտի վրա»,- ասաց ProtoLab-ից Մանե Պողոսյանը:
Ավելի քան 10 գիտական տաղավարներ իր շուրջն էր համախմբել Գիտուժ նախաձեռնությունը, որի նպատակն է գիտության հանրայնացումը: Գիտուժից նշեցին, որ առաջին անգամ է, որ «ԴիջիԹեք»-ին ներկայաում են տաղավարների նման քանակով:
Հատկանշական է, որ այս տարի տաղավարներ ունեին ոչ միայն հայկական, այլ նաև վրացական ստարտափները, որոնք ներկայացնում էին մի շարք SaaS պրոդուկտներ, ռուսական ստարտափներ՝ AI-ից մինչև հաստոցաշինական լուծումներ առաջարկող, ինչպես նաև իրանական ստարտափներ՝« Իրանական ընկերությունների միություն Գլոբալ իննովացիոն կենտրոն»-ի կողմից. վերջինս 2022 թվականից ԱՏՁՄ անդամ է:
«Իրանական ընկերությությունների միություն Գլոբալ իննովացիոն կենտրոնը» «ԴիջիԹեք»-ի ընթացքում ներկյացրեց իր ասոցիացայի կազմի մեջ մտնող ընկերությունների գործունեությունը և պրոդուկտները։ Կազմակերպիչներից նշեցին, որ կենտրոնի կողմից ներկայացված մոտ 10 ընկերությունները Հայաստանում նոր գործակցության եզրեր գտնելու հեռանկարներ ունեն:
Այս տարի «ԴիջիԹեք»-ը կրում էր «Ամբիցիոզ Թեք․բաց տնտեսությունների դիմակայությունն աշխարհի աճող առկայության պայմաններում» խորագիրը։
«Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաները դիմակայության ապահովման կարևորագույն գործիքներից են, և Հայաստանը այս տարվանից սկսած պետք է դիրքավորվի, ԴիջիԹեքը, մասնավորապես, պետք է դիրքավորվի որպես վայր, և համաժողովը, որպես միջոցառում, որտեղ աշխարհի փոքր երկրները քննարկում են իրենց առջև դրված խնդիրները»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Սուրճի շուրջ հանդիպումներ տեխնոոլորտի ներկայացուցիչների հետ, «Ներդրողների օր»՝ ոլորտի կարևոր թեմաների քննարկմամբ, համագործակցության հուշագրեր «պետություն-ընկերություններ» ձևաչափով և ոչ միայն, նեթվորքինգ Մարզահամերգայինի յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա, հնարավորություններ ու ծանոթություններ:
Կարինե Տերտերյան