Դա կարող է տեղի ունենալ միայն ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ. Ստեփանակերտից արձագանքել են Բաքվի՝ հանդիպման առաջարկին

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստեփանակերտից նշում են, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ու նույն վայրում, որտեղ կայացել է մարտի 1-ի հանդիպումը: Բացի այդ, Ստեփանակերտը գտնում է, որ քննարկումները պետք է լինեն հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման:

«Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից: Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար:

Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հայերեն English Русский Türkçe

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը